Հայաստանում գայլի բացառիկ տեսակ է հայտնվել․ հոշոտում են անգամ տնային շներին․ Aravot.am

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

․

«Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն Մուշեղ Մուրադյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ տարածքում գայլերը շատացել են։ Վերջիններս մեծ վնասներ են պատճառել Շաղիկ գյուղի բնակիչներին՝ հոշոտելով 40 գլուխ անասունների։

Նա նաև ասաց, որ «Արփի լճի ազգային պարկի» աշխատակիցները ֆիքսել են 4 կապտավուն և մեկ սև գայլերի։ «Տեղի բնակիչներն ու մեր աշխատակիցները փաստում են, որ սև գայլ մեր տարածքում երբևէ չեն տեսել։ Տվյալ ցեղատեսակը նորություն է մեր համար»,-ասաց Մուշեղ Մուրադյանը։

«Արփի լիճ ազգային պարկի» արագ արձագանքման խմբի տեսուչ Ղազարոս Ղազարյանն էլ փաստել է, որ գայլերը մեծ վնաս են հասցրել ոչ միայն Շաղիկ գյուղի, այլ շրջակա բոլոր գյուղերի բնակիչներին։ 

«Գայլերի տարբեր ոհմակներ են հայտնվել, շատ-շատ են։ Կապտավուն գայլերի հետ սև գայլ էլ կա։ Ըստ գրականության, բնության մեջ սև գայլեր չեն եղել, դրանք նորություն են, կան միայն Կանադայի տարածքում, սակայն խառնածին են, խաչասերման արդյունք են։ Հիմա դրանք հասել են մեր մոտ, չգիտենք Թուրքիայի տարածքից են եկել, թե Վրաստանից։ Կապտավուն գայլերը նորություն չեն մեր տարածքի համար, դրանք մարմնով, կառուցվածքով մեծ են՝ մինչև 80-90 կիլոգրամանոց գայլեր են։ 

Երևանի, հարակից տարածքների, Արցախի գայլերը մարմնով փոքր են, ամենամեծը մեր շրջանի գայլերն են՝ 60-50 կիլոգրամանոց են, կարելի է ասել շատ տպավորիչ են տեսքով։ Անցած տարի ոհմակում 8 հատ էին, հետո տեսա 13 հատ են, տարածքները բաժանված են իրար մեջ։ Երկու հատը միայնակ են՝ թափառող են, տարեց գայլեր են, որոնց կամ ոհմակից են վտարել, կամ իրենք են առանձնացել։ Կան 4 հատով և 7 հատով, անզեն աչքով դժվար է իրենց նկատել ու քանակ ասել։ Մեզ մոտ կան նաև թույլ արտահայտված կարմրավուն գայլեր, դրանք բարձր գոտում միշտ եղել են, միայն սև գայլն է նորություն այս տարածքում։ Սև գայլը բացառիկ է, միայն Երևանի գազանանոցում եմ տեսել, չգիտեմ որտեղից են բերել, իսկ մեր մոտ հենց բնության մեջ է հայտնվել»,- ասել է Ղազարոս Ղազարյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԱՀ