Ոչ Ալիևն է որոշելու՝ ով լինի բանակցային սեղանին, ոչ էլ նրա պայմաններով ենք բանակցելու. Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

քք

 

Ալիևի հայտարարությունն իրեն բնորոշ էր, մի մարդու հայտարարություն, ով միշտ վախեցած, պարտված է եղել, հիմա բախտի բերմամբ նվեր է ստացել հաղթողի դափնին, առիթ-անառիթ հոխորտում է, կեղտոտ մեկնաբանություններ է տալիս։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Նոյեմբերի 17-ին Բաքվում ընդունելով Արեւելյան գործընկերության հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելին, ասել էր, որ Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության մասին պատրաստ են խոսել այնտեղ ապրող, ապրել ցանկացող հայերի հետ, բայց ոչ «Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նման մարդկանց հետ, որոնց գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդներն են, նրան Մոսկվայից ուղարկել են շատ հստակ օրակարգով»։

Պատասխանելով Ալիևին՝ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ողջունում է Ադրբեջանի նախագահի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը, «Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի»: «Ողջունում եմ նաև միջազգային միջնորդությամբ ուղիղ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծումը: Միջազգային միջնորդների շարքում, ի թիվս Ռուսաստանի և ԱՄՆ-ի, անպայման պետք է ընդգրկված լինի Ֆրանսիան, որի Սենատի՝ օրեր առաջ ընդունած բանաձևում կետ կար Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին:

Հիշեցնեմ, որ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է։ Կուզենայի նաև առաջարկել անցնել ավելի կառուցողական տոնի և պարզաբանումներ ստանալ, թե որն է, ըստ պարոն Ալիևի, իբրև թե իմ ունեցած «հստակ օրակարգը»։ Ես բազմիցս եմ ընդգծել, որ ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվել եմ՝ խուսափելու համար մեղադրանքներից, թե կարող եմ Արցախում ուրիշի շահերը պաշտպանել՝ արցախցիների շահերից բացի:

Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»», - նշել էր Վարդանյանը։

Պատգամավոր Մետաքսե Հայկոբյանի խոսքերով՝ Ալիևը չէ, որ պետք է գնահատական տա Վարդանյանին, թե ինչն է նա հիմք ընդունել և տեղափոխվել Արցախում ապրելու․ «Ալիևը հայտարարում է որ չի բանակցելու Վարդանյանի հետ։ Հարց է առաջանում․ իսկ ինչ-որ մեկն Ալիևի պայմաններով բանակցելո՞ւ է։ Արցախը մերժելու է ցանկացած խոսակցություն կամ սեղանի շուրջ նստել, եթե միջազգայնորեն ընդունված բանակցություններ չլինեն։ Արցախը պետք է լինի լիիրավ բանակցային կողմ։ Ալիևի երազանքը, որ Արցախից ինչ-որ ներկայացուցիչ պետք է լինի, Նիկոլի հետ ինչ-որ բաներ պայմանավորվի, երազանք էլ մնալու է»։

«Ռուբեն Վարդանյանը մի քիչ ոչ ճշգրիտ էր պատասխան տվել Ալիևին։ Պատասխանը միանշանակ պետք է լինի՝ Ալիևը չի որոշելու՝ ով է լինելու բանակցային սեղանին։ Եվ 2-րդը, որ Ալիևի թելադրած պայմաններով չեն լինելու բանակցությունները։ Երեկ արտաքին գործերի նախարարն ավելի հստակեցրեց, որ Արցախը երբեք չի հրաժարվել բանակցությունների սեղանի շուրջ նստելուց, հիմա էլ չի հրաժարվում, բայց չի կարող Արցախից ինչ-որ ներկայացուցիչ գնա ու ինչ-որ բաներ պայմանավորվի», - ընդգծեց արցախցի պատգամավորը։

Ինչ վերաբերում է Վարդանյանի նշանակմանը պետնախարարի պաշտոնում՝ Հակոբյանն ասաց, որ ողջունելի է նրա տեղափոխությունն Արցախ․ «Պատերազմից հետո այլ կերպ ենք վերաբերվում այդպիսի բաներին։ Հիմա Արցախի բնակչությունն այնպիսի վիճակում է, որ նրա շրջանում դժվար է վստահություն ձեռք բերել։ Այդ վստահությունը Վարդանյանը պետք է ձեռք բերի իր աշխատանքով, որը դեռ չենք տեսել։ Հուսանք, Վարդանյանը կբավարարի ակնալիքները, որոնք մեծ չեն քաղաքական դաշտում։ Բայց եթե գոնե կարողանա համատարած սոցիալական անարդարությունը փոխել, դա կլինի ամենամեծ ձեռքբերումը»։

Ըստ «Արդարության» պատգամավորի՝ լավ չընկալվեց, որ Արցախի նախագահը որոշ գործառույթներ փոխանցեց Վարդանյանին, ինչը հակասում է Սահմանադրությանը։ «Եթե մինչ այդ պետնախարարը համակարգում էր որոշ գերատեսչութուններ, ապա հիմա բացի ուժային կառույցներից, մնացած բոլորը համակարգելու է։ Տարակուսելի է, որ ԱԳՆ-ն համակարգելու է պետնախարարը, որովհետև երկրի արտաքին քաղաքականություն իրականոցնողը երկրի նախագահն է և ԱԳՆ-ն։ Մոտակա օրերին ԱԺ-ում կառավորության հետ հարցուպատասխան կլինի, և այդ ժամանակ շատ բան հասկանալի կդառնա։ Եվ ներկա կլինի նաև պարոն Վարդանյանը», - հավելեց Մետաքսե Հակոբյանը։

--00—ԱՊ