Երեկ 1 լիտր բենզինով պետք է հրկիզեին Պեմզաշենի դեպքով մեղադրվողի տունը․ ոստիկանությունը կանխել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Ս

Նոյեմբերի 20-ին ժամը 19:30-ի սահմաններում Պեմզաշեն գյուղում ծառայություն կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողները նկատել են 5 անձի, որոնցից մեկը մետաղյա ձողով կոտրել է տներից մեկի պատուհանի ապակին, որից հետո ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից կանխվել են հետագա գործողությունները և նշված անձինք հրավիրվել են բաժին: Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Ավելի վաղ Shamshyan.com կայքը, հղում անելով իր տեղեկություններին, գրել էր, որ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները կանխել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի վրա հարձակման փորձը։

Ըստ տեղեկատվության՝ տունը պատկանում է կալանավորված, Պեմզաշենի բնակիչ Վրույր Բարսեղյանին, ով նոյեմբերի 9-ին նույն գյուղի բնակիչ 31-ամյա կնոջը և վերջինիս անչափահաս 2 երեխաներին սպանելու մեջ մեղադրվողներից մեկն է։

Զարզանդ Գաբրիելյանը  24News-ին նաև հայտնեց, որ երեկվա միջադեպով բաժին հրավիրվածներից մեկը ներկայացրել է 1 լիտր տարողությամբ շիշ և հայտնել, որ տարայում լցված հեղուկը բենզին է, պատուհանը կոտրելուց հետո ցանկացել են հրկիզել նշված տունը․ «Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին»:

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ