Գրիգոր Մինասյանը խոսել է Էլեկտրոնային արդարադատության մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Screenshot 2022-12-14 17185

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը մասնակցել և ելույթի խոսքով է հանդես եկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցություն» ծրագրի բացման արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ-ից։

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը հնգամյա ծրագիր է, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձևավորելու առավել անաչառ և անկախ արդարադատության համակարգ, ինչպես նաև բարձրացնելու իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահությունը:

Գրիգոր Մինասյանն իր ելույթում կարևորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությունը, որի արդյունքն է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ստեղծումը: Հիմնադրամը կարևոր մարմին է Արդարադատության նախարարության գործունեության շրջանակներում, որը ոչ միայն մասնակցում է իրավական ակտերի մշակմանը և օրենսդրական դաշտի բարելավմանը, այլև հանրային քննարկումների կազմակերպմանը, ինչպես նաև մի շարք կարևոր ծրագրերի կատարմանը։

Մինասյանը նշել է, որ արդարադատության ոլորտային ռազմավարական կարևորագույն փաստաթղթերից մեկը` Դատական և իրավական բարեփոխումներրի ռազմավարությունը, մշակվել է հենց Հիմնադրամի կողմից: Բացի այդ, Հիմնադրամի ակտիվ մասնակցությամբ է իրականացվում նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացը։

Գրիգոր Մինասյանն անդրադարձել է նաև դատաիրավական բարեփոխումների կարևոր տարր հանդիսացող Էլեկտրոնային արդարադատությանը: Մասնավորապես, ոլորտային թվայնացման աշխատանքները կարևորվում են որպես դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման գործիք, և այս ուղղությամբ միահամուռ աշխատաքները կնպաստեն Էլեկտրոնային դատարանի ստեղծմանն ու պատշաճ ներդրմանը:

Մինասյանը հայտնել է, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ նախարարությունը պատրաստվում է անդրադարձ կատարել դատական համակարգի հիմնական աշխատանքային ծրագրերին, ներառյալ Cast, վիճակագրության գործիքներ, գործերի մակագրման, ձայնագրության և այլ առանցքային համակարգեր:

Մինասյանը կարևորել է նաև Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման աշխատանքները, որը կարևոր միջոցառում է Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային եղանակներն զարգացնելու և որպես դրա արդյունք նաև դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու տեսանկյունից։

--00—ՅՄ