Տեղի է ունեցել Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի շենքերի բացումը, ներկա է եղել ՀՀ նախագահը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1081773

Այսօր`դեկտեմբերի 23-ին, տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Գյումրի քաղաքի «Մուշ–2» թաղամասում (Կ․ Հալաբյան փ․, շենք 1 և շենք 1/1) կառուցված երկու բնակելի շենքերի պաշտոնական բացման արարողությունը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը,  «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Շիրակի մարզպես Նազելի Բաղդասարյանը և այլ պաշտոնատար անձինք:

Նշենք, որ «Մուշ–2» թաղամասում կառուցված երկու բազմաբնակարան շենքերը նախատեսված են 36 ընտանիքի համար, ևս երկու շենք կառուցման փուլում են,  բնակարանային համալիրում կառուցվել է նաև մանկապարտեզ, իսկ շենքերի ձեղնահարկերում կգործեն արհեստանոցներ։

Ընդգծենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մուշ-2»  թաղամասի բազմաբնակարան շենքերի 36 շահառուներն ընտրվել են ըստ հստակ մշակված չափորոշիչների՝ երկրաշարժից տուժած լինելու հանգամանքը, երբևէ ԲԳՎ կամ տուն ստացած չլինելը, անչափահաս երեխաների առկայությունը, բազմազավակ ընտանիք լինելը:

Շահառուների ընտրությունից հետո ցուցակները նաև քննարկվել ու համաձայնեցվել են Գյումրիի քաղաքապետարանի հետ, որպեսզի շահառուների ընտրությունը կատարվի լիովին անաչառ։

Հատկանշական է, որ «Մեր Գյումրի» ծրագիրը Հիմնադրամը հատուկ մշակել է երկրաշարժից տուժած և 30 տարի տնակավաններում բնակվող գյումրեցիների հոգսը թոթափելու նպատակով:

--00—ՅՄ