Բրիտանահայ մարդասիրական խումբը ցույց է անցկացրել՝ Արցախում տիրող իրավիճակի մասին իրազեկելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

1101527

Բրիտանահայ մարդասիրական խումբը 7 ժամ անընդմեջ բողոքի ակցիա է անցկացրել Բրիտանիայի խորհրդարանի շենքի առաջ, որպեսզի բարձրացնի իրազեկությունը Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի տառապանքների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բրիտանահայ մարդասիրական խմբի անդամների տարածած հաղորդագրությունը:

Լեռնային Ղարաբաղի շրջափակման 30-րդ օրվա կապակցությամբ բրիտանահայ մարդասիրական խմբի անդամները կոչ են արել միավորել ուժերը հանուն արդարության պայքարելու և իրավիճակին լուծում գտնելու համար:Բրիտանահայ մարդասիրական խումբը հունվարի 11-ին նաև բաց նամակ է հղել Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատին՝ կոչ անելով վերջ դնել Ադրբեջանի կողմից բնիկ հայերի ցեղասպանությանը:

Նամակում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ադրբեջանական վարչակարգի կողմից մարդու իրավունքների խախտման միակ դեպքը չէ. նրանք բարբարոսաբար տանջել են հարյուրավոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց և շարունակում են մինչ օրս իրենց մոտ պահել հարյուրավոր հայ գերիների՝ խախտելով ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան:

Բրիտանահայ մարդասիրական խումբը բրիտանացի պատգամավորներին կոչ է անում երկրի կառավարության վրա ճնշում գործադրել անմեղ կյանքերը փրկելու և ցեղասպանությանը վերջ դնելու համար:

--00—ՅՄ