Հայաստանի մշակույթի օրերի ծրագիրը նախատեսվում է անցկացնել ՌԴ տարբեր մարզերում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

16764659644246

Փետրվարի 15-ին ք․ Յարոսլավլում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևի հետ։ Հանդիպումը կայացել է մարզում մեկնարկող «Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարությունից։

Դեսպան Վ․ Հարությունյանը Յարոսլավլի մարզի նահանգապետի հետ զրույցում կարևորել է ՀՀ և ՌԴ մարզերի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության հետագա ամրապնդումը

«Հայաստանի մշակույթի օրերի ծրագիրը նախատեսվում է անցկացնել ՌԴ տարբեր մարզերում։ Մենք որոշել ենք ծրագրի մեկնարկը տալ Յարոսլավլում՝ Ռուսաստանի պատմական քաղաքների «Ոսկե օղակի» երթուղու սրտում։ Կարևոր ենք համարում ակտիվացնել մեր հարաբերությունները բոլոր առանցքային ուղղություններով՝  բարձրացնելով դրանք նոր մակարդակի», - ընդգծել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը։

Իր հերթին Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևն ընդգծել է մշակութային կապերի զարգացման կարևորությունն ու անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերին։

«Յարոսլավլի մարզի համար մեծ պատիվ է այս մշակութային ծրագրի իրականացումը։ Մենք Հայաստանի հետ համագործակցության վաղեմի ավանդույթներ ունենք։ 2008թ․-ին ստորագրվել է Յարոսլավլի և ՀՀ Արմավիրի մարզի միջև համաձայնագիր առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին», - նշել է Միխայիլ Եվրաևը

Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական, տրանսպորտային և կրթական ոլորտների համագործակցությանը։ Կողմերն ընդգծել են նաև տեղի հայ համայնքի գործունեության կարևորությունը։

Նշենք, որ փետրվարի 15-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վ․ Հարությունյանը կմասնակցի «Յարոսլավլի մարզում Հայաստանի մշակույթի օրերի» բացման հանդիսավոր արարողությանը։

--00—ՅՄ