Յուրի Տեփանոսյանին կրակել են ՊՊԾ գնդի տարածքից, կրակողը Սմբատ Բարսեղյանն էր․ գնդապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

«Սասնա ծռերի» գործով դատական նիստին հարցաքննվել է ՊՊԾ գնդի նախկին հրամանատար, գնդապետ Խաչատուր Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ գնդի վրա հարձակման մասին տեղեկացել է 2016 թ.–ի հուլիսի 17–ին՝ լուսադեմին։

«Մոտեցա գնդին, տեսա, որ ոստիկանական մեքենաներով փակած է, իմացա, որ զինված հարձակում է եղել, և այդ մարդիկ ներսում են։ Հետո տեսել եմ Մարտիրոսին՝  զինվորական համազգեստով, զենքը ձեռքին։ Նա մոտենում էր ոստիկաններին,  հորդորում միանալ իրենց, բայց երբ զրահամեքենան փորձեց մոտենալ, Մարտիրոսը կրակեց մեքենայի վրա, որի հետեւանքով մի քանի հոգի վիրավորվեցին։ Դրանից հետո կրակոցներ եղան նաև ներսից։ Զինված անձինք կային այնտեղ, չեմ կարող ասել՝ ովքեր էին»,– ասել է Խաչատուր Ավետիսյանը։

Ավելի ուշ Ավետիսյանն իմացել է՝ գնդի վրա հարձակվողները Ժիրայր Սեֆիլյանի աջակիցներն են, իսկ հիմնական պահանջը Սեֆիլյանին ազատ արձակելն է եղել։

Ավետիսյանը պատմել է նաև, որ հուլիսի 31–ից հետո, երբ «Սասնա ծռերը» դուրս են եկել գնդից, ինքը տեսել է, որ տարածքն ամբողջությամբ ավիրված է, պահարանները բացված, իսկ զինանոցը՝ ամբողջությամբ դատարկ։

Մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ ՊՊԾ նախկին հրամանատարը հայտնել, որ վիրավոր Գագիկ Մկրտչյանին ինքը տեսել է, հարց է տվել, սակայն վերջինս ի վիճակի չի եղել պատասխանելու. «Հիվանդանոցում եղած ժամանակ էլ եմ նրան այցելել, բայց անգիտակից է եղել»։

Յուրի Տեփանոսյանի սպանությանն անդրադառնալով՝ Խաչատուր Ավետիսյանը հայտնել է, որ կրակոցը եղել է գնդի տանիքից, իսկ կրակողը եղել է Սմբատ Բարսեղյանը։

Պավլիկ Մանուկյանի հարցին՝ դուք ձեզ տուժած համարո՞ւմ եք, գնդապետը պատասխանել է. «Պավլի՛կ Մանուկյան, զինվորական ճանապարհ եք անցել, վիրավորում եք բարձրաստիճան սպայի ու թողնում եք ներսում մնա, ու դրանից հետո ինձ հարցնում եք... եթե ձեր մերձավորին, հարազատին սպանեին, դուք ո՞նց կվերաբերվեիք։ Որ սպանած լինեին, երևի թե սա չլիներ...»։

Այս հայտարարությունից հետո դատարանում լեզվակռիվ է սկսվել «Սասնա ծռերի» անդամների և Խաչատուր Ավետիսյանի միջև։

Դատական նիստը շարունակվում է․

 

Տեսանյութեր

Live

Լրահոս