Գնել Սանոսյանը մարզպետերին հանձնարարել է կառավարության տրամադրած գումարը չկուտակել մարզպետարաններում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

6401e32bcc6a8-DX4A8567

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ և մարզպետների մասնակցությամբ տեղի է ունեցել  հերթական խորհրդակցությունը։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։

Խորհրդակցությանն այս անգամ մասնակցել են նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի վերաբերյալ կազմակերպչական հարցեր: Քննարկվել է մարզաձևերը տարբեր մարզերում անցկացնելու, վայրի ընտրության և այդ մարզերում համապատասխան ենթակառուցվածքները զարգացնելու և համահայկական խաղերից առաջ դրանք պատշաճ տեսքի բերելու անհրաժեշտությունը։ Նախարարը կարևորել է խաղերը մայրաքաղաքից զատ՝ մարզերում կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչն էականորեն կաշխուժացնի մարզային կյանքը։ 

Խորհրդակցության օրակարգում էր ընդգրկված նաև ՀՀ մարզպետների աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկերի և պաշտոնների անձնագրերի նախագծերին, ՀՀ մարզերի համայնքապետարանների աշխատակազմերի հաստիքացուցակներին առնչվող, ինչպես նաև համայնքապետարանների աշխատակիցների և համայնքապետարանների ենթակա կազմակերպությունների աշխատակիցների ամենամյա չօգտագործված արձակուրդների վերաբերյալ հարցեր։

Նախարարը հանձնարարել է ուշադրություն դարձնել, որպեսզի հաստիքացուցակներում չլինեն տարբերակված մոտեցումներ, ինչպես նաև հետևողական լինեն, որպեսզի աշխատողները պարտադիր օգտվեն իրենց ամենամյա արձակուրդից, որպեսզի այն չկուտակվի։

ՏԿԵՆ տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը զեկուցել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների կատարողականների և վճարման փաթեթների ներկայացման վերաբերյալ հարցը:

Նախարարը մարզպետերին հանձնարարել է կատարողականի հիման վրա կառավարության տրամադրած գումարները չկուտակել մարզպետարանում և արագ, սահմանված գրաֆիկով իրականացնել շինարարների վճարումները։ 

Նարինե Ավետյանը ներկայացրել է է նաև կառավարության կողմից սուբվենցիոն կարգում իրականացված վերջին փոփոխությունները և սահմանված նոր ժամկետները։ 

Վերջին հարցով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը մարզպետներին է ներկայացրել «ՀՀ Կառավարության 13․02․2014 թ․ թիվ 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծով կատարվելիք փոփոխությունները։ 

--00—ՅՄ