4,8 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

f5e955b3d43e64_5e955b3d43eb2

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է «Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից վատնման եղանակով պետական միջոցներից ընդհանուր շուրջ 4,8 մլն ՀՀ դրամ հափշտակելու դեպք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Ա. Հ.-ն, 2013 թվականի հուլիսի 29-ից 2020 թվականի մայիսի 13-ը զբաղեցնելով հիշյալ դպրոցի տնօրենի պաշտոնը, վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի տարբեր ամիսներին իր մորաքրոջ տղային և դպրոցի հաշվապահ Մ. Ս.-ի բարեկամին նշանակել է համապատասխանաբար դպրոցի պահակի և հավաքարարի հաստիքներին: Վերջիններս, սակայն, երբևէ դպրոցում աշխատանքի չեն ներկայացել և աշխատանքային պարտականությունները չեն կատարել: Չայած այդ հանգամանքին՝ 2016-2020 թվականների ընթացքում հաշվարկվել և հիշյալ անձանց վճարվել է ընդհանուր  4.791.680  ՀՀ դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ, որոնք տնօրեն Ա. Հ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հաշվապահ Մ. Ս.-ի օժանդակությամբ վատնման եղանակով հափշտակել է:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ տնօրեն Ա. Հ.-ն հավաքարարի և պահակի հաստիքներին հրամանագրված հիշյալ անձանց կողմից աշխատանքի չներկայանալու, ինչպես նաև վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակություն կատարելու հանգամանքները քողարկելու անձնական դրդումներով, հաշվապահ Մ. Ս.-ի հետ կատարել են պաշտոնեական կեղծիքներ, մասնավորապես՝ իրենց ստորագրությամբ յուրաքանչյուր ամիս հաստատել են դպրոցի աշխատողների աշխատավարձերի հաշվարկման ցուցակները, որոնցում ներառվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր նշված անձինք հաճախել են աշխատանքի, և նրանց անվամբ հաշվարկվել է ամսական աշխատավարձ։

Վատնման եղանակով պետական միջոցներից ընդհանուր 4.791.680 ՀՀ դրամ հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ա. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Մ. Ս.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված ամբողջ վնասը վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ