Մովսես Սրբազանին հանձնվեց արքության պատվի Հայրապետական սրբատառ կոնդակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

1

Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին թեմի հոգևոր սպասավորներ, թեմական խորհրդի անդամներ, բարերարներ և տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում Մովսես Սրբազանին հանձնվեց արքության պատվի Հայրապետական սրբատառ կոնդակը: Դեռևս փետրվարի 26-ին` Ս. Ղևոնդյանց քահանաների տոնին, Վեհափառ Հայրապետի կողմից Մովսես Սրբազանին շնորհվել էր արքության պատիվ` ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում տարիների վաստակի և նվիրյալ ծառայության:

Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Հարավային Ռուսաստանի հայոց թեմի պատվիրակությանը ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

Այնուհետև Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ընթերցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը։

Գոհունակություն հայտնելով Կրասնոդարի մայր եկեղեցու կառուցման առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց բոլոր այն անձանց, ովքեր կարելիի շրջանակներում աջակցում են Հարավային Ռուսաստանում շեն ու պայծառ հայոց կյանքի կերտման սրբազան գործին:

Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Տերն Իր շնորհները հեղի հայորդիների կյանքից ներս և առատացնի հայրենաշեն ու եկեղեցանվեր բարի գործերը: