Մեղրիի համայնքապետը և Իրանի գլխավոր հյուպատոսը քննարկել են հայ-իրանական սահմանի հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

մեղրի

Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը եւ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Խաչատուր Անդրեասյանը այսօր հանդիպել են ՀՀ-ում  Իրանի Իսլամական Հանրապետության  գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին։ Տեղեկանում ենք Մեղրիի համայնքապետարանի մամուլի ծառայությունից։

Համայնքապետը նշել է՝ հանդիպումը ամուր հիմք է ստեղծում  հետագա համագործակցության, միասնական նախաձեռնությունների, համատեղ գաղափարների ու ծրագրերի իրականացման համար:

Համայնքի ղեկավարը ու հյուպատոսը քննարկել են Մեղրի համայնքի եւ ԻԻՀ միջեւ տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող խնդիրներ:  Երկու ժողովուրդների միջեւ  բարեկամությունը առավել խորացնելու եւ ամրապնդելու նպատակով քննարկվել է Մեղրի համայնքի եւ ԻԻՀ որեւէ քաղաքի հետ  քույրացման գաղափարը` հատկապես կարեւորելով հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը այդ գործընթացում:

Համագործակցության շրջանակներում կարեւորելով կրթական, մշակութային, զբոսաշրջային ոլորտները զարգացնելու եւ հատկապես երիտասարդությանը այդ ոլորտներում ներգրավվելու  միտումները` պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել փոխադարձ ճանաչողական այցեր:

Քննարկել են Հայ-Իրանական սահմանի, մաքսատան աշխատանքների եւ ազատ տնտեսական գոտու արդյունավետության հետ կապված մի շարք հարցեր:

--00—ՍՊ