Արցախի Ասկերանի և Շուշիի շրջաններում պատահարների թիվը նվազել է․ ԱՀ ՆԳՆ հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

արցախ

 

ԱՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն այսօր հաշվետվությամբ ներկայացրել է 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների և գործունեության արդյունքները, որին մասնակցել է ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը:

2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարված օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները ոստիկանության պետին է ներկայացրել ճանապարհային ոստիկանության պետ փոխգնդապետ Կարեն Ծատրյանը:

Ճանապարհային ոստիկանության կողմից 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում իրականացվել են իրավական, կազմակերպչական և կանխարգելիչ բնույթի միջոցառումներ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանս-պորտային պատահարների, վարչական իրավախախտումների և հանցագործությունների նախականխման, կանխման ու խափանման, հասարակական կարգի ապահովման ուղղությամբ:

Հաշվետու ժամանակաշրջանում Արցախի Հանրապետությունում վիճակագրական հաշվառման է վերցվել զոհերով և վիրավորներով 17 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել՝ 18 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14 պատահարի և 22 վիրավորի դիմաց: Ըստ բերված տվյալների հանրապետության տարածքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 3-ով, զոհերի քանակը աճել է 4-ով, վիրավորների թիվը նվազել է 4-ով:

Գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ըստ շրջանների ցույց է տալիս, որ պատահարների նվազում է գրանցվել Ասկերանի և Շուշիի շրջաններում՝ մեկական դեպքով: Աճել է Ստեփանակերտ քաղաքում 4 դեպքով և Մարտակերտի շրջանում 1 դեպքով: Նույնն է մնացել Մարտունու շրջանում:

Գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարներից 4-ը տեղի է ունեցել միջպետական, հանրապետական և տեղական նշանակություն ունեցող ճանապարհներին, որոնց հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 5 մարդ, նախորդ տարվա 7 պատահարի և 11 վիրավորի դիմաց, իսկ 13-ը, որոնց հետևանքով զոհ չկա և վիրավորվել 13 մարդ, տեղի է ունեցել այլ քաղաքներում և բնակավայրերում, նախորդ տարվա 7 պատահարի և 11 վիրավորի դիմաց:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4 դեպքով ավելացել է հետիոտնի վրաերթ բնութագրմամբ պատահարները: Գրանցված 8 պատահարի դեպքով վիրավորվել է 8 քաղաքացի:

Ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրանցված պատահարներից 1-ը տեղի է ունեցել վարորդի ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու պատճառով, 16-ը` վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների պատճառով:

Հաշվետու ժամանակահատվածում 160-ով նվազել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը` 104 պատահար, ընդդեմ նախորդ տարվա 264-ի: Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության արդյունքների հիման վրա ճանապարհապարեկային ծառայության հիմնական ուժերն ու միջոցները կենտրոնացվել են ճանապարհների և փողոցների՝ առավել մեծ քանակությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներով և երթևեկության ինտենսիվությամբ հատվածներում:

Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով երթևեկող տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության սպայական գումարտակի ուժերով իրականացվել է 12 ստուգայց (ուժեղացված ծառայություն), որի ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել է 101 իրավախախտում:

2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ի հայտ են բերվել 119 անսթափ վարորդ, որոնցից 16-ը զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, 28 վարչական վարույթ կարճվել է, 4 վարույթ գտնվում է ընթացքի մեջ:

Ճանապարհային անվտանգ երթևեկությանը նպաստող բաղկացուցիչ գործոններից է հանդիսանում ճանապարհների թողունակության կարողությունը:

Իրականացվել է ավտոմոբիլային ճանապարհների և փողոցների տեխնիկական վիճակի 7 հետազոտություն, որոնց արդյունքներով հայտնաբերված թերությունները վերացնելու համար քաղաքաշինության նախարարություն և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղարկվել են համապատասխան գրություններ՝ ճանապարհահատվածներում, կամուրջներում առկա վտանգավոր փոսերը և խորդուբորդությունները վերացնելու, համապատասխանաբար կահավորելու և վերանորոգելու համար:

Ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը բավարար գնահատելով ՃՈ ծառայողների կողմից առաջին եռամսյակում կատարված աշխատանքը, հանդիպման ավարտին տվել է մի շարք հանձնարարականներ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, ճանապարհային անվտանգ երթևեկության կազմակերպմանն ուղղությամբ:

--00—ՍՊ