ՆԳՆ ՓԾ-ն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսության» տարածքում անցկացրել է ուսումնավարժություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

343454838_747771970344987_7538692324476365877_n.jpg

Ապրիլի 27-ին Ստեփանավան քաղաքում երկու փուլով տեղի ունեցան Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի մասնագիտական պատրաստության պարապմունքներ: Առաջին փուլում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ փ/ծ գնդապետ Կ. Ցուցուլյանը պարապմունքի մասնակիցների հետ անցկացրեց խորհրդակցություն՝ տալով մի շարք կարգադրություններ և հանձնարարականներ: Խորհրդակցության ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Տնօրենը ներկայացրեց, որ շրջանառության մեջ է դրվել ՓԾ նոր օրենքի նախագիծը: Տնօրենը նաև անդրադարձավ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային՝ նշելով, որ ուսումնական հաստատությունն այսուհետ կպատրաստի պրոֆեսիոնալ փրկարարներ, որոնք կհամալրեն Փրկարար ծառայության շարքերը։

Երկրորդ փուլը շարունակվեց «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի տարածքում՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումն անտառային տարածքներում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացումով։

Սցենարի համաձայն՝ հրդեհաշիջման աշխատանքները ծավալվեցին 4 տեղամասերում: Հրդեհի բռնկումը նախատեսված էր դժվարամատչելի տարածքներում, որպեսզի խաղարկվեին տեխնիկայի և անձնակազմի մոտեցման, անօդաչու թռչող սարքերով հետախուզման, ուղղաթիռով հրդեհաշիջման հնարավորությունները: Տարբեր տեղամասերում հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվեցին նաև ջրցանների և ձեռքի կրակմարման թակիչների օգնությամբ։ «ԼՈՌԷ փրկարարական ջոկատ» ՀԿ-ի կամավորները հատուկ պարանների և ԱԹՍ-ի օգնությամբ իրականացրեցին «գետանց»։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված Պաշտպանության նախարարության ավիացիայի ուղղաթիռը հրդեհի օջախի տարածքում երկու անգամ իրականացրեց ջրթափ։ Ուսումնավարժությանը մասնակցում էին ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների փրկարարական ծառայողները, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, «ԼՈՌԷ փրկարարական ջոկատ» ՀԿ-ի և Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները, ինչպես նաև Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, Ստեփանավանի անտառտնտեսության աշխատակիցները:
Աշխատանքներին ներգրավված էին 12 միավոր տեխնիկա, 60 փրկարարական ծառայող, 12 կամավոր, նաև 4 անօդաչու թռչող սարք և Պաշտպանության նախարարության ավիացիայի մեկ ուղղաթիռ:
Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել հրդեհներին արձագանքող ուժերի գործնական հմտությունները՝ անտառային տարածքներում հրդեհների մարման տարրերի և դրանց մարտավարական ձևերի իրականացման ժամանակ, ինչպես նաև ապահովել արձագանքող ուժերի ներդաշնակ աշխատանքը և արդյունավետ փոխհամագործակցությունը: Վարժանքին տեղում հետևում էին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ․Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալները, ՓԾ հիմնական մասնագիտական կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, Լոռու փոխմարզպետը, Ստեփանավան և Լոռի Բերդ համայնքների ղեկավարները և այլ հյուրեր։

Ամփոփելով արդյունքները, ՓԾ տնօրենն ուսումնավարժության ողջ ընթացքը գնահատեց լավ, հույս հայտնելով, որ ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները, ակտիվ փոխհամագործակցությունը նպատակային կկիրառվեն նաև իրական հրդեհների ժամանակ։ https://www.facebook.com/watch/?v=709605704182455
--00—ԶՀ