«Քաղաքացու օրվա» առթիվ կազմակերպվել են բանախոսություններ, մասնակցել են 14-21 տարեկան երիտասարդներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

344382907_1586538328495303_3003702411857697893_n

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ 2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։

Քաղաքացու օրը քաղաքացիական երկխոսության օր է, երբ տարբեր սերունդներ միատեղվում են՝ հանրությանը հուզող հարցերը քննարկելու, քաղաքացիների և պետության անելիքները վերհանելու և կանխորոշելու համար։

Այդ նպատակով այսօր ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում՝ ընդհանուր առմամբ 66 համայնքում, կազմակերպվել են միջոցառումներ, որոնք բաղկացած են եղել 2 մասից՝ բանախոսություն և մշակութային միջոցառում:

Տավուշի և Կոտայքի մարզերի համայնքներում կազմակերպված բանախոսություններին ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը։

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ Տավուշի մարզի Իջևանի երաժշտական դպրոցում տեղի ունեցող բանախոսության մեկնարկին։ Նա ողջունել է երիտասարդներին և միջոցառման մասնակիցներին մաղթել բարի ընթացք։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ քաղաքացու օրը երկխոսության ձևաչափով անցկացնելու առանցքում կարևոր խնդիրների շուրջ մոտեցումների հստակեցումն է, որը դրվելու է քաղաքացու արժեքային համակարգի ձևավորման հիմքում։ «Մեզ համար կարևոր է հատկապես պատանիների և երիտասարդների կարծիքը, որովհետև նրանք են որոշելու պետության զարգացման հետագա ընթացքը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքում տեղի ունեցած բանախոսությանը, որի ընթացքում փոխնախարարն անդրադարձել է պետության կայացման գործում քաղաքացիների դերին։ Արթուր Մարտիրոսյանը մի շարք խորհուրդներ է հղել երիտասարդներին՝ մասնագիտական ճիշտ կողմնորոշման, գիտելիքի և հմտությունների կարևորության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության վերաբերյալ։

Միջոցառման մասնակիցները մեկական հարց են ուղղել Արթուր Մարտիրոսյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են իրավագիտակից քաղաքացու բնորոշմանը, հանրության համար կարևոր որոշումների կայացման գործում երիտասարդների ներգրավմանը և այլն։ Նախարարի տեղակալը ևս իր հերթին հնարավորություն է ունեցել հարցեր ուղղելու երիտասարդներին։

Բանախոսությունից հետո Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Արզնիի Սերգեյ Սարխոշևի անվան միջնակարգի դպրոցի բակում կազմակերպված ծառատունկին և մշակութային միջոցառմանը։

Նշենք, որ տարբեր համայնքներում բանախոսություններին մասնակցել են 14-21 տարեկան պատանիներ և երիտասարդներ, որոնք հնարավորություն են ունեցել ոչ միայն լսել հրավիրված բանախոսին քաղաքացու ակտիվ դիրքորոշման, պետության զարգացման տեսլականի և երկրի զարգացման հարցում սեփական դերակատարումը գիտակցելու թեմաներով, այլ նաև ծավալել հետաքրքիր քննարկումներ:

Հրավիրված բանախոսները եղել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների ներկայացուցիչներ են:

 

--00—ՅՄ