Կոչ ենք անում կողմերին Բրյուսելում համաձայնության գալ սահմանի երկայնքով իրենց ուժերի հեռացման շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

 

photo_2023-05-12_10-13-09

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը, պատասխանելով լրագրողների հարցերին՝ կապված մայիսի 11-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական բախումների հետ, կոչ է արել կողմերին մայիսի 14-ին Բրյուսելում սպասվող հանդիպմանը համաձայնության գալ սահմանի երկայնքով ուժերի հեռացման վերաբերյալ:

«Գտնում ենք, որ այս տեսակի բռնությունները խաթարում են Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն: Մենք կոչ ենք անում երկու երկրների ղեկավարներին Բրյուսելում մայիսի 14-ի հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով իրենց ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել է պետքարտուղար Բլինքենի հետ կողմերի մասնակցությամբ բանակցություններում, որոնք տեղի են ունեցել Վաշինգտոնում, մայիսի սկզբին»,-ասել է փոխխոսնակը:

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն Բրյուսելում կայանալիք բանակցությունները դիտարկում է որպես վաշինգտոնյան բանակցությունների շարունակություն, ամերիկացի դիվանագետը պատասխանել է.

«Այն երկխոսությունը, որն անցկացրեցինք այստեղ, դիտարկում ենք որպես կարևոր դրական քայլ: Մենք զգացինք, որ երկու երկրները հնարավորություն ունեն քննարկելու որոշ բարդ հարցեր, հասկանալու միմյանց տեսակետները: Մենք հավատում ենք, որ երկարաժամկետ առաջընթացի ճանապարհը շարունակական կլինի։ Կարծում ենք, որ առկա է խնդիրների խաղաղ լուծում, այդ իսկ պատճառով շարունակում ենք այդքան խորությամբ զբաղվել այս հարցով, սակայն ես չեմ պատրաստվում առաջիկա բանակցություններից առաջ ընկնել»,- ասել է Վեդանտ Պատելը։

--00—ՅՄ