Էրդողանի թիրախը հայերն են, հետախուզության պետին ԱԳ նախարար նշանակելով՝ Թուրքիան ագրեսիվ է դառնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Եթե Հայաստանը Էրդողանի երդմնակալությանը ներկայացված լիներ այլ պաշտոնյայի մակարդակով, որևէ լուրջ հարված չէր լինի։ Հայաստանյան իշխանությունները պարտավորված չէին վարչապետի մակարդակով մասնակցել և հայտնվել տեսախցիկների առջև ուրախ ժպտացող կերպարով, ինչը շատ նսեմացուցիչ տեսարան էր ոչ միայն տվյալ անձի, այլ ՀՀ ցանկացած քաղաքացու համար: Ի՞նչ ընկալում է ձևավորվում թուրք և ադրբեջանցի հեռուստադիտողի մոտ, երբ տեսնում է, որ ընդամենը երեք տարի առաջվա պատերազմից հետո ՀՀ ղեկավարը ժպտալով մասնակցում է արարողությանը, զրուցում Ալիևի և Էրդողանի հետ, սա դիվանագիտություն չէ, այլ նսեմացում է: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Անդրադառնալով արարողության ժամանակ Փաշինյանին Ալիևի հետևի շարքում նստեցնելուն, ինչը շատ քննարկվեց և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն մեկնաբանությանը, որ դա արարողակարգային հարց է, թուրքագետը նկատեց, որ արարողակարգի միջոցով ցույց են տալիս տվյալ հյուրի հանդեպ վերաբերմունքը և մեսիջներ են փոխանցում. «Արարողակարգը հարմար էր գտել Թուրքիայի նախագահի կողքին Ադրբեջանի նախագահին նստեցնել: Էրդողանի և Ալիևի ողջագուրվելու ընթացքում ամբողջ դահլիճը ծափահարեց, այսինքն՝ մեկ ազգ, երկու պետություն գաղափարն այդ րոպեներին ֆիքսվեց բուռն ողջույնով, և ցուց տրվեց Թուրքիա-Ադրբեջան անխախտ եղբայրությունը, իսկ Փաշինյանին հետևում նստացնելը նշանակում էր՝ Հայաստանի՝ ստվերում գտնվող վիճակ: Եթե մասնակցում ես նման միջոցառման, պետք է պատրաստ լինես ոտնկայս դիմավորել Էրդողանին, ինչպե՞ս ես դիմավորում նրան, երբ նա 2020-ին Բաքվում ասում էր՝ Էնվեր փաշայի ոգին փառավորվեց»:

Անդրադառնալով Էրդողանի կողմից կառավարության կազմի փոփոխություններին՝ մասնավորապես՝ ԱԳՆ-ի և ՊՆ-ի փոփոխությանը, Ռուբեն Մելքոնյանը ընդգծեց, որ այս ընտրություններում ազգայնականները բարձրացրել են իրենց քվեները, թուրք հասարակությունը մեծ թվով ձայներ է տվել ծայրահեղականներին գործիչներին՝ գորշ գայլերին, որոնց առաջին թիրախը հայերն են : «Թուրքիան Էրդողանին, վերընտրվելով՝ նա ավելի ծայրահեղական ու ագրեսիվ է դառնալու, ազգայնականությունն ավելի շատ տեղ է գրավելու Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ:

Արտգործնախարար նշանակվեց մի մարդ, ով երկար տարիներ եղել է Թուրքիայի ԶՈՒ-ում հետախուզության պետ, Հաքան Ֆիդանը ղեկավարել է տարբեր օպերացիաներ, այդ թվում՝ Սիրիայում, հավանաբար՝ Արցախի 44-օրյա պատերազմը ևս: Երբ հետախուզության պետը դառնում է ԱԳ նախարար, ագրեսիվ տենդենցները տեղափոխվում են արտաքին քաղաքականության դաշտ, ագրեսիվ ղեկավարով մեղմ արտաքին քաղաքականություն չի կարող լինել, ավելի ագրեսիվ են դառնալու ՀՀ-ի հանդեպ: Բացի այդ՝ հայտնի կերպարներից մեկը՝ Իբրահիմ Քալընը, ով էրդողանի մամլո խոսնակն էր և արտաքին քաղաքականության անվտանգության գծով խորհդականը, դարձավ Անվտանգության ծառայության հետախուզության ղեկավար, ինչը շատ բանի մասին է խոսում»,-ավելացրեց թուրքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ