Համապատասխան սարքավորումներ պետք է ձեռք բերվեն․ ՆԳ փոխնախարարը փորձաքրեագիտական վարչությունում էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հունիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում էր:

Նախարարի տեղակալը նախ ծանոթացել է վարչության տեխնիկական հնարավորություններին, ապա անց է կացրել օպերատիվ խորհրդակցություն։

Կարևորելով վարչության դերը ժամանակակից հանցագործությունների բացահայտման գործում՝ Դավիթ Համբարյանն ընդգծեց, որ ստորաբաժանման տեխնիկական հագեցվածությունն ու անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը նախարարության առաջնահերթությունների շարքում են։

Մասնավորապես, քննարկվեցին նաև փորձաքրեագիտական վարչության փաստաթղթերի տեխնիկաքրեագիտական և ձեռագրաբանական հետազոտությունների բաժանմունքի իրականացրած աշխատանքները, փաստաթղթերի տեխնիկական հետազոտությունների ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

Քննարկվող հարցերի մասին խոսեց ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լորիկ Սաֆարյանը։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն առանձնացրեց առաջիկա անելիքները և հանձնարարեց հետամուտ լինել համապատասխան սարքավորումների ձեռբերման գործընթացների կազմակերպմանը, ակտիվացնել համագործակցությունը գործընկերների հետ՝ փաստաթղթերի նմուշօրինակների միատեսակ հավաքածուն թարմացնելու համար։

Խորհրդկացության ընթացքում քննարկվեցին նաև ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր։

--00--ՍՊ