Սուրեն Պապիկյանը նվեր է ստացել 19 մլն դրամ, 22 հազար դոլար և 13 հազար եվրո․ Hetq

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24news

Պապիկյան
«Հետքը» գրում է․

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախորդ տարի նվեր է ստացել 19 միլիոն 750 հազար դրամ, 22 հազար դոլար և 13 հազար 400 եվրո գումար։ Նվիրատվության մասին Պապիկյանը նշել է իր եկամուտների և ունեցվածքի 2022 թ․-ի հայտարարագրում։

Գումարի տեսքով նվերները նախարարը ստացել է նույն տարում, երբ ամուսնացել է, երեխա ունեցել։ Ենթադրվում է, որ ընտանեկան իրադարձություններն են նվերների առիթ դարձել։

Սուրեն Պապիկյանի հայտարարագրում նշում կա շուկայականից անհամեմատ էժան գնով Երևանի կենտրոնում գնած բնակարանի գործարքի մասին, որն իրականացվել է 2022 թ․-ին։ «Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան գնելու նպատակով Սուրեն Պապիկյանը «Հայէկոնոմբանկ»-ից 65 միլիոն դրամ վարկ է վերցրել։ Իսկ կառուցապատող ընկերությանը վճարել է 10 միլիոն դրամ ավել՝ 75 միլիոն 570 հազար դրամ։

«Հետք»-ն ամիսներ առաջ պարզել էր, որ նորակառույց շենքում գտնվող բնակարանը 165 քառակուսի մետր է, իսկ գործարքի գինը 69 միլիոն դրամ է։ Այս տվյալները ո՛չ կառուցապատողն էր հերքել, ո՛չ գնորդը։ Մինչդեռ Սուրեն Պապիկյանի հայտարարագրի տվյալներից նոր հարցեր են առաջացնում։ Ինչո՞ւ է նախարարը պայմանագրով ֆիքսված 69 միլիոն դրամի փոխարեն կառուցապատողին վճարել 75.5 միլիոն դրամ։

Այս հայտարարագիրը չի տալիս նաև հիմնական հարցի պատասխանը, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ է նախկին ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի ընկերությունը Սուրեն Պապիկյանին շուկայականից անհամեմատ էժան գնով բնակարան վաճառել։ Ո՞րն է ընկերության շահը, ի՞նչ կապ կա Աշոտ Արսենյանի որդու բանակից ազատվելու քրեական գործի կարճման, նույն որդուն Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնը տալու և Սուրեն Պապիկյանին էժան գնով բնակարան հատկացնելու փաստերի միջև։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ