Բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի. Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

fe4218ab-0083-44bc-92b4-9d5ce5449209.jpg

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (SPIEF) շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խոչընդոտների մասին։

 - Ավելի վաղ Դուք նշել էիք, որ Ռուսաստանը զգալի առաջընթաց է արձանագրում Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնության գալու հարցում։ Ե՞րբ, ըստ Ձեզ, բոլոր վիճելի հարցերը կարող են վերջնականապես կարգավորվել։

 - Մենք եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով հանդիպում ենք անցկացրել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների միջեւ, որի արդյունքում ձևավորվել է համապարփակ փաստաթուղթ։ Այնտեղ նշվում է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ, որը անցնելու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղիով և, ելնելով կողմերի ինքնիշխանության նկատմամբ հարգանքից, սահմանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգին վերբերող հիմնական մոտեցումները։ Կողմերից ոչ մեկը կասկածի տակ չի դնում, որ այդ ճանապարհի առանձին հատվածները կլինեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում գտնվում են։ Այսպիսով, այս ճանապարհի հետ կապված՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը։ Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, բայց հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու պետությունների և ժողովուրդների միջև, այս ամենը պետք է ամրագրվի։

 Նորագույն պատմության ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կապեր չեն եղել, եղել է պատերազմ, որը դադարեցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի անմիջական մասնակցությամբ։ Սակայն երկու երկրների սահմանին դեռևս զինված բախումներ են տեղի ունենում և մարդիկ են զոհվում։ Իհարկե, իմ գործընկերների համար շատ դժվար է աշխատել նման միջավայրում, բայց նրանք զգում են իրենց պատմական պատասխանատվությունը այն որոշման համար, որը մեր պետությունների ղեկավարները վստահել են մեզ զարգացնել և շարունակում են աշխատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։

Աշխարհում դժվար է գտնել օրինակներ, երբ պատերազմող կողմերը նստել են բանակցությունների սեղանի շուրջ և սկսել խոսել տրանսպորտային կապերի վերականգնման մասին՝ ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե անմիջապես հետո։ Մեր դեպքում բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի, և խաղաղության հասնելու լավագույն միջոցը մարդկանց համար խաղաղ փոխգործակցության հնարավորություն բացելն է, ընդհանուր ճանապարհ կառուցելը, որով մարդիկ և ապրանքները կգնան, կսկսվի բնականոն կյանքը, առևտուրը և աստիճանաբար հին դժգոհությունները հետին պլան կմղվեն։

Փոխվարչապետերի մեր եռակողմ աշխատանքային խումբը հարաբերությունների յուրահատուկ ձևաչափ է մշակել։ Շատ է օգնում, որ մենք գալիս ենք նույն մեծ երկրից, սովորում ենք նույն դասագրքերով, դիտում ենք նույն ֆիլմերը, հասկանում ենք նույն հումորը, հետևաբար մենք ընդհանուր լեզու ենք գտնում մարդկային մակարդակով։ Հենց այդ ոչ նյութական արժեքն է, որ հույս է ստեղծում ու օգնում առաջ գնալ։ Մտածելով մեր խմբի աշխատանքի մասին՝ հասկանում ես, թե որքան կարևոր է մեր ընդհանուր եվրասիական տանը խաղաղության համար չկորցնել այդ ընդհանրությունը հետխորհրդային տարածքում և այն փոխանցել հաջորդ սերունդներին։

Ամենամեծ խնդիրը վստահությունն է։ Հենց դրա պատճառով է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում։ Ի վերջո, ճանապարհով կգնան հասարակ մարդիկ՝ ադրբեջանցիներ, հայեր, այլ երկրների քաղաքացիներ։ Ինչպե՞ս են նրանք փոխգործակցելու միմյանց հետ սահմանը հատելիս, ինչպե՞ս է ապահովվելու նրանց անվտանգությունը այլ պետության տարածքով շարժվելիս։ Սա է այսօր գլխավոր հարցը, որին մենք միասին ցանկանում ենք պատասխանել այնպես, որ վստահ լինենք, որ այլ երկրի տարածքում այս մարդկանց հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Եվ իհարկե, բոլորիս վրա ազդում է այն, ինչ հիմա կատարվում է սահմանին։ Շատ ավելի հեշտ կլիներ լուծումներ գտնել, եթե կրակոցները դադարեցվեին։

Ուստի կողմերը դադարներ են վերցնում, ներգրավում են փորձագետների, ցանկացած առաջարկ և որոշում ենթարկում են շատ մանրակրկիտ և ստուգված վերլուծության, որպեսզի ամեն ինչ իսկապես աշխատի այնպես, ինչպես պետք է լինի այն երկրների միջև, որոնք, հուսանք, թեւակոխում են հարաբերությունների նոր խաղաղ փուլ։ Փաստաթղթի նախագիծը ձևավորվել և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է մեր մակարդակով, թեև հիմնական հարցը՝ ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս, դեռ պետք է աշխատել։ Իհարկե, այսօր շատ բան կարելի է անել՝ հենվելով տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, և այդպիսի լուծումներ կան, բայց դրանք, թերևս, ակնհայտ և հաջողությամբ կիրառվել են աշխարհի այլ ծայրերում, երբ սկսում ես դրանք վերլուծել, այնքան էլ չեն համապատասխանում մեր իրավիճակին։

Եվրասիական միջկառավարական խորհրդի ժամանակ մենք պայմանավորվեցինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ ընդունի ինձ՝ իր հետ այս խնդիրները քննարկելու համար։ Նա շատ մանրամասն անդրադարձավ եռակողմ խմբի հանդիպումից հետո մնացած բոլոր հարցերին։ Շատ բան հստակեցված է, և ինչ-որ բան դեռ մնում է և պահանջում է հետագա քննարկում արդեն ադրբեջանական կողմի հետ։

--00--ԶՀ