Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև․ ԱՄՆ կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news

1113895

Արցախի ժողովրդավար ու խաղաղասեր ազգաբնակչությունն այսօր ենթարկվում է ավտորիտար ադրբեջանական ռեժիմի կողմից իրականացվող էթնիկ զտումների և կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ժամանակ:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ուժ, սպառնալիքներ գործադրել և ահաբեկչություն իրականացնել՝ նպատակ ունենալով արտաքսել կամ բնաջնջել Արցախի քաղաքացիներին և առանց հետևանքների վերահսկողություն հաստատել հայկական տարածքների վրա։ Շուրջ յոթ ամիս Արցախի ժողովուրդն ապրում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում, ինչը միջազգային իրավունքի և հրադադարի մասին 2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության խախտում է»,- ասել է կոնգրեսական Շիֆը։

Նրա դիտարկմամբ՝ Արցախն օգտագործվել է որպես սակարկության առարկա բանակցային գործընթացում՝ առանց որևէ ներկայացվածության, ինչը հակասում է ԱՄՆ-ի դավանած արժեքներին և միջազգային իրավունքին։ Կոնգրեսականը վկայակոչել է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի առաջին հոդվածը, որում մասնավորապես ասվում է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք»։ Շիֆը հիշեցրել է, որ Արցախի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով միակամ հռչակեց իր անկախությունը և այդ քայլը համահունչ էր միջազգային իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից 1970 թվականին վավերացված պետությունների միջև բարեկամական հարաբերությունների ու համագործակցության դաշնագրի դրույթներին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ