Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր․ ԱԺ նախագահը՝ Իրանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

photo.jpg

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Ալեն  Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար եւ մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը:

Ի պատասխան դեսպանը նշել է, որ Իրանն առանձնակի արժեւորում է մեր  երկրի հետ հարաբերությունների կարեւորությունը, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով, փոխադարձ տնտեսական շահերով, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով: 
  
Հանդիպմանը բարձր է գնահատվել երկու խորհրդարանների միջեւ հաստատված բարեկամական սերտ կապերը եւ  խորհրդարանների միջեւ փոխգործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունները: Դեսպանը կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովների անխափան աշխատանքը եւ բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունը:

«Մեկ տարի առաջ իմ գլխավորած պատվիրակությունը պաշտոնական արդյունավետ այց կատարեց Թեհրան: Սպասում ենք իմ հարգարժան գործընկեր Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի պատասխան այցին Հայաստան»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը եւս մեկ անգամ ընդգծել է դեսպանի զգալի ներդրումը Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեւավորված հարուստ օրակարգի շրջանակում:

--00--ԶՀ