Սահմանադրությունը մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների երաշխավորն է. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մեր պետության կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Բոլոր պետություններն ու ժողովուրդներն իրենց պատմության մեջ ունեն տոնական օրեր, սակայն Անկախության ու Սահմանադրության վերաբերյալ տոներն առանձնահատուկ են և խորհրդանշում են ժողովրդի միասնության և ընդհանրական կամքի հաղթանակը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդն «Այո» ասելով անկախությանը ցույց տվեց իր հավատարմությունն ինքնիշխան, ժողովրդավար ու բարեկեցիկ երկիր ունենալու նվիրական երազանքին։ 1995 թվականի հուլիսի 5-ին Սահմանադրության ընդունումով ամրագրվեց մեր պետականության ինքնիշխանությունը։

Պատահական չէ, որ այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշների՝ դրոշի, զինանշանի և պետական օրհներգի օրը, որովհետև այս շարքում Սահմանադրությունն ամբողջացնում է անկախ պետականության բովանդակությունը։

Սահմանադրության էությունն ու ոգին են երկու բարձրագույն արժեքներ՝ պետություն և մարդ, իսկ սահմանադրականությունն այս երկու արժեքների ներդաշնակության ու միասնության արտահայտությունն է։ Սահմանադրությունը մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների գլխավոր երաշխավորն է և միաժամանակ՝ յուրաքանչյուրիս անհատական պարտքի գիտակցման պահանջատերը, որովհետև իրավունքները, ազատություններն ու անկախությունը նախևառաջ բարձրագույն պատասխանատվություն են։

Պետականության և ազատության գաղափարների համադրությունն ու հավասարակշռությունն է այն հենասյունը, որի վրա կերտվում են պետականության օրինակարգությունը, քաղաքացիական ազատությունները, սահմանադրական կարգը, որտեղից սկիզբ է առնում պետության զարգացման ներուժը։

Սիրելի քաղաքացիներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու ամրություն մեր պետականությանը, բարեկեցություն մեր քաղաքացիներին և հավատացած եմ, որ մեր հայրենիքն ու մեր ժողովուրդն ունեն այս նպատակներին հասնելու ներուժ»։

--00—ԶՀ