ՀՀ Սահմանադրությունը՝ որպես իրավական հենարան հռչակված մայր օրենք, ծառայելու է իր նպատակին․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

simon_babayan_shabat.am_.jpg

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, գերակայությամբ օժտված իրավական ակտ հանդիսանալով, հստակ ուրվագծել է մեր պետության և հասարակության առանցքային և հիմնարարար սկզբունքները` Հայաստանի Հանրապետությունը հռչակելով որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: Հատկանշական է այն, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է նաև մեր` փաստաբաններիս անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված գործունեությունը: Հիշատակելով վերոգրյալը` պետք է արձանագրենք, որ փաստաբանական համայնքը, այնուամենայնիվ, առերեսվում է լուրջ խնդիրների, որոնք անմիջականորեն կարող են ազդեցություն ունենալ մասնագիտական գործունեության վրա: Թերևս անընդունելի է, երբ փաստաբանի գործունեությանը խոչընդոտում են իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, այն էլ բռունցքներով: 2023 թվականի առաջին կիսամյակում երեք փաստաբան ենթարկվել է բռնության իրավապահ համակարգի ներկայացուցիչների՝ մասնավորապես ոստիկանության ծառայողների կողմից: Հատկանշական է նաև այն, որ տվյալ փաստաբանները ոստիկանության ծառայողների կողմից բռնության են ենթարկվել իրենց վստահորդների իրավունքները պաշտպանելիս: Կատարվածի առնչությամբ, փաստաբանները նպատակ ունենալով կանխել մասնագիտական գործունեության իրականացման նման խոչընդոտները, ներկայացրել են իրենց օրինական պահանջները` ակնկալելով իրավական պետությանը համահունչ արձագանք: Այս խորհրդանշական օրը լիահույս եմ, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի գերակայությունը չի սասանվի: Դարձյալ շնորհավորում եմ բոլորիս այն համոզմունքով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որպես իրավական հենարան հռչակված մայր օրենք, ծառայելու է իր նպատակին»:
--00—ԶՀ