Այսօր և միշտ Սահմանադրության նկատմամբ հարգանքը գերակա սկզբունք է․ Մանե Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

cfa385f3-e3f4-4cea-96a9-2d95b0d46645.jpg

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում ասված է․

«Հայաստանը նշում է Սահմանադրության օրը։ Ազատ, ժողովրդավարական և սոցիալական պետություն կառուցելու հայ ժողովրդի նպատակն ամրապնդվեց 1995 թվականին՝ ՀՀ Սահմանադրության հռչակմամբ։ Եվ այդ նպատակը նաև ամրագրվեց սևով սպիտակի վրա ու դարձավ Մայր օրենքի առանցքային կետերից մեկը։ Որպես իրավական ամուր հենարան՝ մեր Սահմանադրությունն այս տարիների ընթացքում մեզ ուղղորդել է նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։

Այսօր և միշտ Սահմանադրության նկատմամբ հարգանքը գերակա սկզբունք է, որով այլոց համար օրինակ լինելը միմիայն պատիվ և պատասխանատվություն է։ Եվ հենց այս բարձր գիտակցումն է առաջնորդում մեզ՝ այդ օրինակը լինելու, հասարակության ընկալումներում դա խորապես դրոշմելու և այդ գիտակցումը բարձր պահելու համար։ Մայր օրենքն ամրագրում է անբեկանելին՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է։

Սա է այն հիմնարար ուղենիշը, որով պետք է առաջնորդվի պետությունը, որի շուրջ պետք է ծավալվի յուրաքանչյուրիս գործունեությունը, և որը պետք է դառնա շարժիչ ուժ՝ Հայաստանն իրապես իրավական երկիր դարձնելու համար»։

--00—ԶՀ