Բաքուն պետք է գիտակցի՝ գազի ու էլէներգիայի զրկանքներով չի կարողանալու խլել մեզնից մեր ոգին ու կամքը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

photo_5285392561709633986_y

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման ու ընդհատման վերաբերյալ իր նկատառումներն է ներկայացրել.

«1. Երեկ (հուլիսի 8-ին) Ադրբեջանը վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը՝ Արցախի իշխանությունների ու «Արցախգազ» ընկերության համար անակնկալ կերպով, իսկ ժամեր առաջ՝ նորից ընդհատել այն:

2. Թե այս վերականգնման պատճառները որոնք են, մենք միայն կարող ենք ենթադրել, քանի որ բավարար տեղեկություններ չունենք: Մի բան է հստակ, որ արցախյան կողմի հետ այդ թեմայով որևէ հաղորդակցություն տեղի չի ունեցել:

3. Այս քայլի գլխավոր նպատակը միգուցե կոնկրետ պահի արտաքին ճնշումը որոշակիորեն նվազեցնելն էր, սակայն վստահ եմ, որ մի շարք այլ նպատակներ էլ են հետապնդել Ադրբեջանի իշխանությունները, օրինակ՝ ցանկացած պահի անակնկալ կերպով միացնել-անջատելու միջոցով հարուցել մշտական անորոշություններ և տարաբնույթ բամբասանքներ ու կասկածներ Արցախի բնակչության շրջանում, որի օգտին է խոսում այսօրվա ընդհատումը: Չեմ բացառում նաև այն հանցավոր դիտավորությունը, որ 109-օրյա անընդմեջ դադարից հետո գազամատակարարման անակնկալ վերականգնումը կարող է լրացուցիչ միջադեպերի ու մարդկային կորուստների պատճառ դառնալ:

4. Հատկապես անորոշության ու անօգնականության զգացողությունների հարուցման նպատակը հաշվի առնելով՝ հարկ է գիտակցել ու մշտապես հոգեբանորեն պատրաստ լինել, որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի անակնկալ կերպով վերականգնել ու ընդհատել գազամատակարարումը: Եվ այդպիսի պայմաններում մենք պետք է զերծ մնանք լրացուցիչ ներքին տեղեկատվական-հոգեբանական իրարանցում ստեղծելուց՝ թե՛ վերականգնման և թե՛ ընդհատման դեպքում: Ահա այդ նկատառումից ելնելով ու հաշվի առնելով իրավիճակի անորոշությունը՝ երեկ լիազոր մարմինները չեն շտապել պաշտոնական տեղեկություն հրապարակել վերականգնման մասին:

5. Հունիսի 15-ից ընդհանրապես Արցախ չի մատակարարվում վառելիք, ի թիվս առաջին անհրաժեշտության մնացած ապրանքների, և արդեն լրջագույն խնդիրներ են առաջացել ներքին տեղաշարժի հետ կապված: Հատկապես այդ պատճառով գազամատակարարման վերականգնումը որոշակիորեն կմեղմացներ մարդկանց զրկանքները ներքին տեղաշարժի ու կենցաղի կազմակերպման առումով, բայց գլխավոր հիմնախնդիրը շարունակում է մնալ բուն շրջափակումը:

6. Ամեն դեպքում Ադրբեջանի իշխանությունները պիտի գիտակցեն, որ գազի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ կենցաղային զրկանքներով չեն կարող մեր բնական իրավունքները խլել մեզնից և կոտրել ազատության մեր ոգին ու կամքը:

7. Արցախի լիակատար պաշարումը, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խափանումները մարդկության դեմ հանցագործության դրսևորումներ են, ինչը նշանակում է, որ միջազգային հանրությունը հրատապ ու գործնական միջոցներով պետք է վերացնի այս խախտումները և կանխի հումանիտար աղետի հետագա խորացումը: Իսկ դրա կատարման պարտադիր ձևերից մեկը մեր ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունն է, քանի որ հումանիտար աղետը զուտ հետևանքն է մեր ժողովրդի քաղաքական իրավունքների ու ազատությունների բռնաճնշման»,- ֆեյսբուքում գրել է Արտակ Բեգլարյանը:

 --00—ԱՊ