Հարությունյանը ԱԽ նիստ է հրավիրել. քննարկվել են ԱՀ շրջափակման հետևանքների հաղթահարման քայլերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news

130723anvtangkhorhurd.thumb_

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների  հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը: Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով Հանրապետությունում վատթարացող հումանիտար ճգնաժամի մասին զեկուցել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին քաղաքական դաշտում  իրականացվող ջանքերը և Արցախ-Հայաստան միջանցքի  ապաշրջափակման վերաբերյալ  տարբեր միջազգային կառույցներից ու պետություններից հնչող կոչերը  դրական արդյունք չեն տվել ոչ միայն Արցախի շրջափակումը ճեղքելու, այլև  Ադրբեջանի նկրտումները զսպելու հարցում, ինչն ավելի ակտիվ և հասցեական աշխատելու  հրամայական է  առաջադրում: 

Ելնելով իրավիճակից՝  Նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ Հանրապետության կենսագործունեության ապահովման նպատակով առկա ռեսուրսների վերաբաշխման, ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ