ԿԽՄԿ-ին հաջողվել է ադրբեջանցիներին համոզել, որ անցակետում բուժզննումը չկատարվի տեսախցիկների առջեւ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

096dddcc-adfc-40ee-ad91-92eff65de85f.jpg

Քանի որ տեւական ժամանակ նույնիսկ Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակի միջոցով անհնարին էր դարձել հիվանդների տեղափոխությունը Հայաստան, հիմա ունենք ավելի քան 200 բուժառու, որոնք սպասում են հայաստան տեղափոխմանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցարզույցում նշել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Տեւական ժամանակ բացարձակապես դեղորայք չի բերվում  Արցախ: Մանկական հիվանդանոցում ունենք ստացիոնար բուժում ստացող 24 երեխա, որից 7-ը նորածնային եւ վերականեդանացման բաժանմունքում:

Այսօր (նկատի ունի հուլիսի 23-ին-խմբ) առաջին անգամ Կարմիր Խաչի միջոցով 13 բուժառու նրանց ուղեկցողների հետ հնարավոր եղավ տեղափոխել Հայաստան: Մի կերպ Կարմիր խաչի ներկայացուցիչներին հնարավոր եղավ ադրբեջանցիներին համոզել, որ անցկացնեն նրանց: Ինչպես արդեն ասել եմ, ադրբեջանցիները անցակետում հավելյալ բերել են  բժիշկներ եւ մեր հիվանդներին, որոնք պետք է տեղափոխվեն Հայաստան՝ այնտեղ պատշաճ բուժօգնություն ստանալու համար, ադրբեջանցիները անցակետում նրանց բուժհետազոտության են ենթարկում: Այսօր մի կերպ համոզեցինք, որ այդ բուժհետազոտությունը չկազմակերպեն տեսախցիկների առջեւ:

Պատկերացնում եք, մեր հիվանդներին, որոնք անմարդկային պայմաններում, նույնիսկ ծանր վիճակում հիվանդ կա, որին Կարմիր Խաչը Հայաստան է տեղափոխում նստած վիճակում, նրանց իջեցնում են եւ ադրբեջանցիներն ասում են՝ պետք է բուժհետազոտության ենթարկենք,  ընդհուպ, եթե անհրաժեշտ լինի, այդ հետազոտությունը պետք է  զուգորդվի նաեւ անձի մերկացմամբ: Կարմիր Խաչին մի կերպ հաջողվել է համոզել, որ այդ գործընթացը տեսախցիկների  առջեւ չկատարվի»,-ասաց Արցախի պետնախարարը:

--00—ԶՀ