Հատուկ ուշադրության է արժանի ԼՂ-ում տիրող իրավիճակը․ Լավրովը՝ Բայրամովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24news

Այսօրվա հանդիպումը պետք է օգտագործել մեր տարածաշրջանի կարևորագույն խնդիրներից մեկը լուծելու համար, նկատի ունեմ Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունացումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Բայրամովի հանդիպումը։

Լավրովը համոզմունք է հայտնել, որ դրան հասնելու ամենակարճ ճանապարհը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացումն է, հավելելով, որ քննարկման համար մի շարք լրացուցիչ փաստաթղթեր են պատրաստվում ղեկավարների կողմից։

ՌԴ արտգործնախարարը հատուկ ուշադրություն է հրավիրել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման վրա․ «Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան, այդ թվում՝ հարթակ տրամադրելով ստորագրման համար»,-ասել է նա։

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին, շեշտվել է, որ վերոնշյալ հարցին առնչվող այլ հարցեր արժանի են ուշադրության․ «Նկատի ունեմ հումանիտար իրավիճակը, որն այժմ մեծ ուշադրություն է գրավում միջազգային հանրության շրջանում։ Մենք գնահատում ենք այն, որ մեր ադրբեջանցի ընկերները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»,-ասել է նա։

--00—ՅՄ