«Նուբարաշենի» ծառայողները նույն օրում կանխել են թմրամիջոցին նմանվող զանգվածների ներթափանցման 2 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

թմ

2023 թվականի օգոստոսի 22-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ օգոստոսի 23-ին կամ 24-ին թմրամիջոցի ներթափանցման փորձ է կատարվելու հիմնարկ կալանավորված անձ Գ.Խ.-ին փոխանցելու նպատակով: Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից։

Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ օգոստոսի 24-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները զննության են ենթարկել քաղաքացուհի Ջ.Կ.-ի կողմից կալանավորված անձ Գ.Խ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննությամբ հանձնուքի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, թմրամիջոցին նմանվող, 4 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված:

Ըստ քաղաքացուհի Ջ.Կ.-ի բանավոր հայտարարության՝ հանձնուքն իրեն փոխանցել է կալանավորված անձ Գ.Խ.-ի կինը: 

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նմանատիպ կասկածելի զանգված հայտնաբերվել էր նաև նույն օրը՝ ավելի վաղ՝ ժամը 10:30-ի սահմաններում: Անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները զննության էին ենթարկել քաղաքացի Դ.Ս.-ի կողմից կալանավորված անձ Գ.Գ-ի անվամբ բերված հանձնուքը, ինչի արդյունքում հանձնուքում առկա կարտոֆիլի խյուսի մեջ նկատվել էին թմրամիջոցի նմանվող, բյուրեղանման զանգվածներ: 

Դ.Ս.-ն բանավոր հայտարարել էր, որ հանձնուքն իրեն փոխանցել էին կալանավորված անձ Գ.Գ.-ի հարազատները:

Վերոնշյալ հանձնուքները բերած երկու քաղաքացիները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել են և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: 

--00--ԼՀ