Ստրասբուրգի քաղաքապետն անընդունելի է համարում Արցախի ժողովրդի գոյության իրավունքի ոտնահարումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

6

Արցախում հումանիտար իրավիճակը օրըստօրե դառնալու է էլ ավելի բարդ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:

Նա ներկայացրեց այն երկու պատճառները, որոնք դրդել են իրեն մասնակցել այս նախաձեռնությանը։

«Առաջինը՝ գործելու հրատապությունն է։ Արցախի արտաքին գործերի նախարարը մեզ ասել է, որ երկու օրվա ալյուրի պաշար է մնացել։ Օրըստօրե իրավիճակը դառնալու է էլ ավելի բարդ։

Երկրորդ պատճառն այն է, որ Ստրասբուրգը Եվրոպայի մայրաքաղաքն է, Ստրասբուրգում է տեղակայված Եվրոպայի խորհուրդը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Եվ մենք ուղերձ ենք հղում Ֆրանսիայի նախագահին, նաև եվրոպական այլ հաստատություններին, ներառյալ Եվրոպայի խորհրդին։

Որպես 1915 թվականի ցեղասպանությունից փրկվածների թոռ և ծոռ՝ ինձ համար անընդունելի է, որ այսօր ևս ոտնահարվում է ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքը և պարզապես գոյության իրավունքը»,- ասաց Բարսեղյանը։

Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից  Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար: 10 բեռնատարներից բաղկացած շարասյունն ուղեկցել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ Ֆրանսիայի քաղաքների և տարբեր ռեգիոնների կողմից հատկացված օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձորում Հայաստանի հատկացրած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել դեռևս օգոստոսի 9-ին։

--00--ԼՀ