Վաղը մեզ կարևոր խաղ է սպասվում․ Պետրակով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

դ

Եվրո-2024-ի ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ նախախաղային ասուլիսին ներկայացավ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, հայտնում է armsport-ը։

Ուկրաինացի մասնագետին հարց հնչեց, թե ինչ խաղաոճով է պատրաստվում խաղալ վաղը։ 

«Առաջին հերթին բարև ձեզ։ Վաղվա խաղի տակտիկայի վերաբերյալ ոչինչ չեմ ասելու։ Դուք Հայաստանի՞ց եք, եկեք հանդերձարան, ես ձեզ առանձին կասեմ, թե ինչ տակտիկայով ենք խաղալու»,-կատակեց Պետրակովը։

Անդրադառնալով խաղի կարևորությանը՝ մասնագետն ասաց․

«Վաղը մեզ կարևոր խաղ է սպասվում։ Եթե Թուրքիան հաղթի, 90 տոկոսով կլուծի Եվրո դուրս գալու հարցը։ Կարող եմ կրկնել Սպերցյանի ասածը՝ մեզ մնացել է 5 եզրափակիչ։ Կարծում եմ՝ մեծ բացասական ազդեցություն չի թողնի Բարսեղյանի բացը, ես նրան խնդրեցի, որ գնա ու բուժվի։ Բարեբախտաբար, հարձակման գծում ունենք ֆուտբոլիստներ, որոնք կարող են փոխարինել Բարսեղյանին։ Մեր մյուս բոլոր խաղացողներն առողջ են ու պատրաստ են վաղվա խաղին։ Թուրքիայի հավաքականում կան շատ լավ ֆուտբոլիստներ, բայց կառանձնացնեմ Չենգիզ Ունդերին ու Հաքան Չալհանօղլուին»,-ասաց Պետրակովը։

Թուրքիա-Հայաստան խաղը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 22։45-ին։

--00—ՍՊ