ԱՀ ԱԺ նախագահ Դ. Իշխանյանի նամակը կփոխանցվի Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նկ

Ինչպես հաղորդում է ԻԻՀ-ում հրապարակվող «Ալիք» օրաթերթը՝ Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայության երկու պատգամավորներ Արա Շահվերդյանի և  Ռոբերտ Բեգլարյանի միջնորդությամբ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նամակը փոխանցվելու է Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։

Օրեր առաջ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը նամակներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ կոնգրեսի, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի խոսնակներին։

«Ալիք» օրաթերթի փոխանցմամբ՝ Իրանի օրենսդիր իշխանությունների կողմից սպասվող հնարավոր արձագանքներին ծանոթանալու նպատակով հեռախոսազրույց են ունեցել Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանի հետ և նրանից հետաքրքրվել, թե արդյոք Դավիթ Իշխանյանի կիրառած նոր գործելաձևը կարող է ազդեցիկ գործիք դառնալ ադրբեջանական արգելափակման վերացման և Իրանի կողմից միջամտության տեսանկյունից:

Արա Շահվերդյանը նախ տեղեկացրել է, որ նամակից մի օրինակ ՀՀ-ում հանձնվել է Իրանի Իսլամական խորհրդանարում Սպահանի և Հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանին և արդեն այստեղ երկուսով պատրաստվում են այն հանձնել Իսլամական խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բադեր Ղարիբաֆին:

Ապա պատգամավորն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ շատ կարևոր է տարբեր գործիքակազմերի կիրառումը և ըստ պատգամավորի՝ բոլոր քայլերն էլ կարող են ազդել Արցախի էթնիկ բնակչության շահերի պաշտպանության առումով:

 «Չնայած տարբեր անձնաց ու կառույցների կողմից հնչող դատապարտող կոչերին, Բաքուն շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը, զրկելով Արցախին Հայաստանի հետ կապող միակ կենսական ճանապարհից: Ադրբեջանը անտեսում է ՄԱԿ-ի, Անվտանգության խորհրդի, Եվրախորհրդարանի, ՄԻԵԴ-ի և Հաագայի դատարանի ու այլ միջազգային կառույցների պահանջները, իրագործելով արցախահայության էթնիկ զտման, սադրանքի և ուժի սպառնալիքի քաղաքականությունը», - նշել է Շահվերդյանը, ընգծելով, որ Արցախի 120 000 քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի հնարավորությունից և ապրում են աղետալի պայմաններում, ոտնահարվում են նրանց հիմնարար իրավունքները, իսկ Ադրբեջանին միջազգային հանրության ուղերձները կառուցողական դաշտ չեն բերում:

Հարցմանը, թե ինչպիսի գործընթացներ է նախատեսում Իրանի Իսլամական խորհրդարանը նման օրակարգային հարցերի առնչությամբ, Արա Շահվերդյանը նշել է, որ իրենք պատրաստվում են որպես միջնորդ հանդես գալ նամակի հանձնման ուղղությամբ, որը նշանակում է, որ ուղղակիորեն այն կստանա խորհրդարանի խոսնակը: