Իմ երկրում պատերազմ է, և դուք պատկերացում չունեք, թե ես ինչ եմ զգում․ Ջուլֆալակյանը` ՄՕԿ-ի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ջջ
Հոկտեմբերի սկզբին Լոզանում տեղի է ունեցել Մարզիկների միջազգային ֆորումը։ Այնտեղ նրանք քննարկել են գալիք Օլիմպիական խաղերը, սպորտում անվտանգությունը, իսկ ֆորումն ավարտվել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ զրույցով։ Այս մասին հայտնում է Armsport-ը։

«Թերևս ամենաէմոցիոնալ ելույթն ունեցել է հայ անվանի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը՝ հարց ուղղելով սպորտը դեռ միավորո՞ւմ է, թե՞ բաժանում երկրները։

Ինչո՞ւ հայ և ադրբեջանցի մարզիկները կարող են մրցել միմյանց հետ, իսկ ռուսներն ու ուկրաինացիները՝ ոչ

«Ուզում եմ հնարավորինս շատ մարզիկների տեսնել: Ինձ համար շատ դժվար է խոսել, անկեղծ ասած, մտադրություն չունեի այստեղ խոսելու, բայց այս ամբողջ քննարկումից հետո չկարողացա ձեռքերս ծալած նստել և լռել։

Ես Հայաստանից եմ, և հիմա իմ երկրում պատերազմ է։ 120 հազար հայ լքում է իր տունը, իր պատմական հողը. մեզ մոտ մեծ թվով մարդիկ են սպանվել։ Պաշտոնապես մենք նույնիսկ չգիտենք, թե որքան։ Բայց ես չեմ ուզում շատ խոսել այս մասին և ձեզ վրդովեցնել: Ես ուզում էի այս տեղեկատվությունը կիսել այլ երկրների գործընկերների հետ, որպեսզի դուք հասկանաք, թե որքան հստակ եմ ես հասկանում իրավիճակը: Ես ատում եմ պատերազմը, դա ինձ հետ պատահեց, և ես գիտեմ, թե ինչ է դա: Ես դա զգում եմ իմ մաշկի վրա:

Ինձ համար շատ դժվար է ինձ զսպելը։ Ասում են՝ տղամարդիկ լաց չեն լինում, իսկ դուք պատկերացում չունեք, թե ես ինչ եմ զգում: Փորձում եմ ժպտալ, որպեսզի ցույց չտամ, թե ինչ է կատարվում ներսումս։ Շատ եմ ցավում, որ ես՝ այդքան ուժեղ և հայտնի, չեմ կարող ոչինչ անել՝ դադարեցնելու Ադրբեջանի հետ պատերազմն իմ երկրում և օգնելու իմ հայրենակիցներին։

Այն, ինչ ուզում եմ փոխանցել բոլորիդ՝ ձեր երկրների շատ հայտնի մարդկանց, ՄՕԿ-ի նախագահին հետևյալն է՝  Մի՛ արգելեք սպորտը։

Ճնշում գործադրեք ձեր երկրների կառավարությունների վրա, պատերազմներ վարող քաղաքական գործիչների վրա։ Բայց մի պատժեք այլ մասնագիտություն չունեցող մարզիկներին։ Ինձ հարցրին՝ կապվե՞լ եք ուկրաինացի մարզիկների հետ։ Այո, Ուկրաինայից շատ մարզիկների հետ եմ խոսել, քանի որ այնտեղ ընկերներ ունեմ։ Ես երկար տարիներ եմ անցկացրել Ուկրաինայում, դա ինձ շատ հարազատ երկիր է։ Նույնը վերաբերում է Ռուսաստանին։ Շփվել եմ թե՛ Ռուսաստանի, թե՛ Բելառուսի մարզիկների հետ։ Եվ ես գիտեմ, թե ինչպես են նրանք տառապում՝ այս բոլոր երկրների մարզիկները: Իմ երկրից, աֆրիկյան երկրներից…

Իմ մյուս ուղերձը՝ պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի, եթե արգելեք բոլոր երիտասարդ մարզիկներին։ Ի՞նչ կմնա նրանց՝ միայն հանցագործություն։ Էլ ի՞նչ են անելու։ Արևմտյան երկրները «արգելել» են կրթությունը, արգելել են մշակույթը. այժմ սպորտը կարգելվի։ Ի՞նչ է լինելու ապագա սերնդի հետ։ Սրանից հետո ինչպե՞ս ենք նայելու նրանց աչքերին։ Ինչպե՞ս բացատրեմ իմ ընկերներին և գործընկերներին, թե ինչու է նրանց արգելվում մրցել։

Մեկ շաբաթ առաջ Սերբիայում կայացավ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այնտեղ բազմաթիվ ռուսներ և բելառուսներ են հանդես եկել՝ այլ երկրների՝ Ալբանիայի, Մակեդոնիայի, Սլովենիայի դրոշների ներքո: Նրանք մրցում էին ուկրաինացիների հետ, և մենք ոչ մի հակամարտություն չենք ունեցել. ունեինք նաև չեզոք կարգավիճակով մարզիկներ։ Հայերն ու ադրբեջանցիները գոտեմարտել են նույն գորգի վրա. այդ պահին պատերազմ էր ընթանում մեր երկրում։ Ինչպե՞ս բացատրել, թե ինչու հայ և ադրբեջանցի մարզիկները կարող են մրցել միմյանց հետ, իսկ ռուսներն ու ուկրաինացիները՝ ոչ։

Սպորտը մարտի դաշտ չէ. Սպորտը պետք է լինի խաղաղ կղզի, հնարավորություն, որի միջոցով մենք կարող ենք կամուրջներ կառուցել։ Այո, կարող է իդեալականացված թվալ, բայց եթե այս կղզին էլ կործանենք, հնարավոր է, որ ընդհանրապես լուծում չգտնենք։ Պետք է ճնշում գործադրել քաղաքական գործիչների, բայց ոչ մարզիկների վրա։ Նրանք սպորտից բացի այլ մասնագիտություն չունեն։ Եթե ​​քանդենք նրանց երազանքը, հետո ինչպե՞ս կբացատրենք նրանց։»։

 

 

--00—ԱՊ