Ուխտավորները կրկին անգամ հաղորդ դարձան Ս. Անանիայի մասնատուփ-աջի զորությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

32081210520_1697544642

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հոկտեմբերի 17-ին տոնախմբեց Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակությունը: Եկեղեցական կարգի համաձայն՝ օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո և հոկտեմբերի 16-ի երեկոյան՝ ժամը 19-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, երեկոյան Սուրբ Պատարագ մատուցվեց: Պատարագչի՝ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի հետ միասին ուխտավորներն արարողության ընթացքում սբ. Անանիայի շիրիմի առջև միասնական աղոթք բարձրացրին առ Տեր՝ սրբի բարեխոսությունը հայցելով Հայոց ազգի համար: 

Ուխտի օրհնաբեր օրն իր շարունակությունն ունեցավ, երբ վաղ առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի  գանձատնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց Ս. Անանիայի մասնատուփ-աջը (17 դար): Հանդիսավոր թափորը Փարպեցի փողոցից, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, համայնքի անդամների ու բազմաթիվ ուխտավորների մասնակցությամբ, առաքյալի մասնատուփ-աջը բերելու հատուկ արարողակարգով, իր խոնարհումը բերեց Ս. Անանիայի մասունքներին՝ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում: Այնուհետև եկեղեցում շարունակվեց արարողակարգը:

Ներկաներն ունկնդրեցին սրբի մասին պատմող ավետարանական ընթերցումները և մասնակից եղան ուխտի Սուրբ Պատարագին, որ մատուցեց Մայր Աթոռի միաբան Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Իր քարոզին Հայր Սուրբն, անդրադառնալով սբ. Անանիայի վարքին և օրվա սուրբգրային ընթերցումներին, մասնավորաբար ասաց. «Ինչպես Աստված մարդկության պատմության ընթացքում կանչեց, ընտրեց Իրեն հավատարիմներին կարևոր առաքելության համար, այնպես էլ այսօր Տերն ամենքիս կանչում է՝ ավելի ուժեղ, հուսառատ, մեղքերից ձերբազատված և մաքուր տեսնելու անհագ ցանկությամբ:

Որպես սիրող և գթառատ Հայր՝ Աստված շարունակում է կանչել մեզ, քանի որ ցանկանում է տեսնել մեզ նյութականից ձերբազատված, հոգեպես զորացած, մշտարթուն և փրկված, որպեսզի Տիրոջ կանչի ժամանակ կարողանանք սբ. Անանիա առաքյալի նման ասել՝ այստեղ եմ Տեր, այսինքն՝ պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել՝ դառնալու եկեղեցու գործուն անդամը և իմ կենցաղավարությամբ ամեն վայրկյան վկայելու Տիրոջ մեծագործությունների և իմ հանդեպ տածած Նրա անսահման սիրո մասին: Աստծու կանչին անսալն ու հավատարմությունն է մեզ այլակերպում և ամենակարևորը հույս տալիս՝ դժվարություններն ու մարտահրավերները հաղթահարելու համար»:

Արդեն տասներորդ տարին է, որ առաքյալի հիշատակության օրը մեծ թվով ուխտավորներ, ուխտի Ս. Պատարագին մասնակցելով, հաղորդակից են լինում Ս. Անանիայի մասնատուփ-աջի զորությանը և իրենց խոնարհումը բերում Ս. Անանիայի մասունքներին՝ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում: Սրբի մասունքին հավատով դիպչող քրիստոնյան զգում է թե՛ սրբի կենդանի ներկայությունը և թե՛ սրբի բարեխոսական աղոթքի զորությունը, քանի որ քրիստոնյայի համար հոգևոր աշխարհը շատ ավելի իրական է, քան տեսանելի աշխարհը:

Սրբերը՝ որպես հաղթական եկեղեցու անդամներ, իրենց հիշատակության օրերին կարծես դիմում են զինվորյալ եկեղեցու անդամներին և ասում, որ բոլորն էլ կարող են քայլել այն ճանապարհով, որով իրենք են քայլել և որ իրենք օգնական, ուղեկից ու աղոթակից են այդ ճանապարհով ընթացողներին՝ հիշեցնելով, որ զիվորյալ եկեղեցին միայնակ չէ, ինչպես Տերն է խոստացել Իր հետևորդներին ՝ Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը (Մատթ. 28:20):

--00—ՅՄ