Վաշինգտոնը և Բրյուսելը վերահաստատել են իրենց հանձնառությունը Երևան-Բաքու խաղաղության հաստատմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Screenshot_16

Վաշինգտոնն ու Բրյուսելը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքում: Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է ԵՄ առաջնորդներին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։

ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի մասին համատեղ հայտարարության տեքստում անդրադարձ կա նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը: Վաշինգտոնն ու Բրյուսելն ընդգծել են, որ նախկինի պես հանձառու են առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատման գործընթացը՝ միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա։

Համատեղ հայտարարության մեջ ԱՄՆ և ԵՄ կոչ են արել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած կամ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Նրանք նաև հորդորել են բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց կամ ուժի դիմելու սպառնալիքներից։

«Կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել այն մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը, ովքեր մնում են Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։ Նաև կոչ ենք անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և դրա սպառնալիքի բացառման սկզբունքին», - ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդները վերահաստատել են աջակցությունը Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը և նրանց եվրոպական ձգտումներին։

ԱՄՆ-ԵՄ համատեղ հայտարարությունը խստորեն դատապարտել է նաև «Համաս»-ին և նրա դաժան ահաբեկչական հարձակումը Իսրայելի վրա։ «Ահաբեկչությունը ոչ մի արդարացում չունի։ Մենք հաստատում ենք Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքը այդ նողկալի հարձակումներից», - նշված է փաստաթղթում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ