ՀՀ նախագահը Վիենի քաղաքապետի հետ խոսել է Սյունիքում իրականացվելիք համատեղ նախաձեռնությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

58885_b

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, ռեգիոնի հայաշատ Վիեննի քաղաքի քաղաքապետ Թիերի Կովաքսի հետ:

Թիերի Կովաքսը Հայաստանում է գտնվում որպես Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեի բանագնաց, ով ներկայացուցչական պատվիրակությամբ Հայաստան էր այցելել ընթացիկ տարվա մարտին և համագործակցության համաձայնագիր կնքել Սյունիքի մարզի հետ: Այցի ընթացքում Թիերի Կովաքսին ուղեկցում է Վիեննի փոխքաղաքապետ, հայազգի Լևոն Սաքունցը

Ողջունելով հյուրին նախագահը շնորհակալություն է հայտնել ակտիվ գործունեության և արդյունավետ համագործակցության համար:

«Վստահ եմ, որ Ձեր աջակցությամբ հաղթահարվում են բազմաթիվ խնդիրներ, իսկ Ձեր սրտացավ վերաբերմունքը մեծ ոգևորություն է առաջացնում մեր քաղաքացիների մոտ»,- նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Թիերի Կովաքսը նախագահ Խաչատուրյանին մանրամասներ է ներկայացրել իր այցելության շրջանակներում նախատեսված ծրագրերի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Սյունիքի մարզում և համայնքներում իրականացվելիք համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի և Սյունիքի մարզի համայնքների միջև տեղային մակարդակում փոխգործակցության խթանման հնարավորություններին և հեռանկարներին:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների իրավունքների պաշտպանություն և հումանիտար խնդիրների լուծման առաջնահերթությունների և տարբերակների շուրջ։

--00—ՅՄ