«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 4-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

timthumb_1_v1.thumb_

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով նոյեմբերի 4-ին երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը:

Մրցաշարին կմասնակցեն ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք հայտագրվել են մինչև սեպտեմբերի 20-ը:

Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝         

· 1-ին տարիքային խումբ՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականներ,

· 2-րդ տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2005-1983 թթ.),

· 3-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1982 թ. ծնված և բարձր),

· աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման խմբով:

Մրցաշարի գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբում կարող են մասնակցել այն մարզիկները, որոնք զբաղվում են աթլետիկա մարզաձևով և վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են աթլետիկայի Հայաստանի առաջնությունների և միջազգային մրցաշարերի:

Առաջին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարելու են 4 կմ վազքատարածությունը․ մեկնարկը տրվելու է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ Երկրորդ և երրորդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները կվազեն 10 կմ՝ Փարաքար–Էջմիածին մայրուղու երկայնքով։

Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները նաև դրամական մրցանակներ են ստանալու՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ,

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ (010) 59-96-33, (010) 59-96-32, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00-ն:

--00—ՅՄ