Շիրակի փողոցում վեճի ժամանակ կրակել են․ 4 հոդվածի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հոդվածների հատկանիշներով հետախուզվող 30-ամյա տղամարդը թաքնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Նոյեմբերի 15-ին, առավոտյան ժամը 7.20-ին, նա հայտնաբերվեց Առինջում և տեղափոխվեց ոստիկանության Շենգավիթի բաժին:

Իսկ դեպքը տեղի էր ունեցել 2021 թվականի ապրիլի 9-ին: Երևանի Շիրակի փողոցից հրազենային վնասվածքներով չորս անձ տեղափոխվել էր հիվանդանոց: Քրեական ոստիկանության գլխավոր ու Երևան քաղաքի վարչությունների և Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ ապրիլի 9-ին, ժամը 19-ին, Կարմիր բլուրի գերեզմանատան մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն էր ծագել մի կողմից՝ չորս, իսկ մյուս կողմից` յոթ տղամարդու միջև: Վեճի ընթացքում էլ չորսից մեկը` Պատկանյան փողոցի այժմ 30 տարեկան բնակիչը, ապօրինի պահվող հրազենից կրակոցներ էր արձակել հակառակորդ կողմի ուղղությամբ:

Նույն օրը Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ, իսկ 2022 թվականի հուլիսի 27-ին տեղեկանալով, որ իրեն կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է, չէր ներկայացել քննչական բաժին, թաքնվել և խուսափել էր վարույթն իրականացնող մարմնից: 2022 թվականի օգոստոսի 1-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

2023 թ. նոյեմբերի 15-ին, հետախուզվողին հայտնաբերելու օրը, դատարանի որոշմամբ նա կալանավորվեց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ