«Քենեդու շնորհիվ պետական ծառայությունը դարձավ մեծ կոչում». Բայդեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Screenshot_2

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարգանքի տուրք է մատուցել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու հիշատակին, ով սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին, երբ նախագահական ավտոշարասյունն անցնում էր Տեխաս նահանգի Դալլաս քաղաքով։ Հայտնում է Ամերիկայի Ձայնը։

«Նախագահ Քենեդին պատերազմի հերոս էր, սենատոր և պետական գործիչ։ Նա հաստատակամորեն սահմանել է մեր երկրի ճանապարհը 20-րդ դարի կարևորագույն ոլորտներում` քաղաքացիական և ընտրական իրավունքից մինչև կանանց [ու տղամարդկանց] հավասար վարձատրություն: Անգամ Սառը պատերազմի ամենավտանգավոր պահերին, նա երկիրը ղեկավարում էր անխռով վճռականությամբ: Նոր տասնամյակի արշալույսին նա մեզ առաջնորդեց դեպի նոր հորիզոններ՝ թռիչք դեպի լուսին և դրանից այն կողմ: Նրա շնորհիվ մեր երկրում պետական ծառայությունը դարձավ մեծ կոչում։ Նա մեզ ոգեշնչեց՝ երբեք չդադարել ձգտել կառուցել [այնպիսի] Ամերիկա, որը կհամապատասխանի մեր բարձրագույն արժեքներին»,- ասված է Բայդենի անունից Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, 2022 թվականին ԱՄՆ Ազգային արխիվը հրապարակեց հազարավոր փաստաթղթեր՝ նախկին ծովային հետևակային և կոմունիստական ակտիվիստ Լի Հարվի Օսվալդի կողմից նախագահ Ջոն Քենեդու սպանության գործի առնչությամբ: Հրապարակումը հաջորդեց նախագահ Բայդենի կարգադրությանը, որը թույլատրեց նման՝ մասշտաբային գաղտնազերծումը՝ պահպանելով, սակայն, հարյուրավոր այլ փաստաթղթերի հրապարակման արգելքը։

Ըստ փաստաթղթերի, ԱՄՆ իշխանությունները սկսել են հետևել Օսվալդին դեռ 1960 թվականի դեկտեմբերից՝ Քենեդու սպանությունից գրեթե երեք տարի առաջ:

--00—ՅՄ