Չինաստանի դեսպանը ԱԺ-ում ներկայացրել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը, քննարկել «Խաղաղության խաչմերուկը»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

f

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնի գլխավորած պատվիրակությանը: Հայտնումե ն ԱԺ մամուլի ծառայությունից։ 

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է: Հայաստանի եւ Չինաստանի միջեւ պատմական բարեկամությունը եւ պետությունների միջեւ ջերմ հարաբերությունները վերընթաց զարգանում են եւ բազմակողմանի բնույթ ունեն»,- ասել է Հակոբ Արշակյանը` ողջունելով հյուրերին խորհրդարանում:

Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը` նշելով, որ հայ-չինական հարաբերություններն ակտիվ զարգացում են ապրում: Ըստ Ֆան Յոնգի` պետք է ակտիվացնել խորհրդարանական փոխգործակցությունը, հաճախակի դարձնել փոխայցերը:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա խորացումն ու զարգացումը` ընդգծելով, որ երկկողմ փոխգործակցության հարցում նշանակալի դերակատարում ունեն միջխորհրդարանական կապերը:

Միջխորհրդարանական փոխգործակցության շրջանակում նա առանձնակի կարեւորել է բարեկամական խմբերի աշխատանքը:

Կողմերն անդրադարձել են երկու երկրների համագործակցության ուղղություններին, հետագա ծրագրերին: Շեշտադրվել է հատկապես տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը, բարձր տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտներում փոխգործակցության խորացումը:

ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը` նշելով, որ այն ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի երկրների, միջազգային գործընկերների համար կարեւոր, արդյունավետ ծրագիր է:

Դեսպանն արձագանքելով` նշել է, որ կարող է դիտարկվել նաեւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» եւ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերի շրջանակում փոխգործակցության հնարավորությունը:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամներ Լենա Նազարյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Արմեն Խաչատրյանը եւ Թագուհի Ղազարյանը:

Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ԱԺ շենքում, եղել Ազգային ժողովի նիստերի դահլիճում, գրադարանում, ծանոթացել խորհրդարանի թանգարանի ցուցանմուշներին:

--00—ՍՊ