ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչները քննարկել են Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի և Թայվանի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

qn

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները Վաշինգտոնում հանդիպում է անցկացրել Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Լյու Ցզյանչաոյի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ ներառյալ Մերձավոր Արևելքի մարտահրավերները, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը և Թայվանի նեղուցի խնդիրները։

Հստակեցվում է, որ Ֆեյներն ընդգծել է Թայվանի նեղուցում և Հարավչինական ծովում խաղաղության ու կայունության կարևորությունը։

«Այս հանդիպումը դարձավ հաղորդակցության ուղիները բաց պահելու և մրցակցությունը պատասխանատու կերպով կառավարելու շարունակական ջանքերի մի մասը», -ընդգծել է Սպիտակ տունը:

Նշվում է, որ Ֆեյները և Լյու Ցզյանչաոն անկեղծ ու կառուցողական քննարկումներ են անցկացրել, ինչպես նաև վերահաստատել աջակցությունը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բարձր մակարդակի դիվանագիտությունն ու փոխգործակցությունը շարունակելու հարցում։

--00—ԼՀ