Ինձ ո՞վ կարող է ստիպել․ հրաժարական եմ տվել, որ իմ ժողովուրդը հանգստանա․ Զարթոնքի գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

գոյւղապետ

«Ես հրաժարական եմ տվել, որ իմ ժողովուրդը հանգստանա»։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի արդեն նախկին  ղեկավար Պարույր Սարգսյանը։ 

Ապրիլի 14-ին Արմավիրի մարզպետարանի կայքէջը տեղեկություն էր տարածել, համաձայն որի՝ Զարթոնքի համայնքապետարանում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը հանդիպել են համայնքի ավագանու, համայնքապետարանի աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ, որի ընթացքում Պարույր Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։

Հարցին՝ արդյոք ճնշումների տա՞կ է այդ որոշումը կայացրել, նախկին համայնքապետը պատասխանեց․ «Ինձ ո՞վ կարող է ստիպել՝ հրաժարակ տամ։ Ես ուղղակի հրաժարական եմ տվել, որ իմ ժողովուրդը հանգստանա։ Մենք դեռ իրար հետ ապրելու ենք, ես իմ ժողովրդին շատ եմ սիրում»,- նշեց Պարույր Սարգսյանը։ 

Անդրադառնալով թոռան ձերբակալությանը՝ Պարույր Սարգսյանը նշեց․ «Այո՛, իմ թոռնիկը կալանավայրում է։ Եթե ոհմակով շակալների նման հարձակվում են տան վրա 50-60 հոգով, ձեռքերին քար ու փայտ, կադրերը նայե՛ք, տեսե՛ք՝ ո՞վ է մեղավոր, ո՞ր կողմն է ճիշտ»։ 

Հարցին՝ ի վերջո ի՞նչն է պատճառը, որ գյուղի բնակիչները դուրս են եկել համայնքի 23 տարվա ղեկավարի դեմ, Պարույր Սարգսյանը նշեց, թե ինքն էլ է զարմացած։

«Ես իմ գյուղից նման բան չէի սպասում։ Մինչև հիմա ուշքի չեմ գալիս։ Այն մարդիկ են դուրս եկել իմ դեմ, որոնց համար լավ եմ եղել։ Եթե որևէ մեկը կարող է ասել՝ Պարույրը 23 տարվա մեջ որևէ մեկին չոռ է ասել, ես գլխով պատասխան կտամ»,- 24News-ին ասաց Զարթոնքի նախկին ղեկավարը։

Պարույր Սարգսյանը նաև վստահեցրեց, որ գյուղում որևէ մեկի հետ ոչ ինքը, ոչ էլ եղբայրները որևէ անձնական խնդիր չեն ունեցել։ Ըստ նրա՝ իր դեմ բողոքի ակցիաներն ուղղորդված են եղել․ ցուցարարների մեջ կան մարդիկ, որոնք ուզում են գյուղապետ դառնալ։

«Երկու հոգի հենց հիմա իրար են ուտում։ Նրանք են ցուցարարներին հրահրում։ Պողոսյան Սուրեն և Արշակ Մկրտումյան»։

Ի դեպ՝ նախկին համայնքապետը նշեց, որ Սուրեն Պողոսյանը ևս ՀՀԿ անդամ է։

Հիշեցնենք, որ շաբաթ առավոտյան գյուղում ծեծուջարդ էր սկսվել, հնչել էին կրակոցներ, միջադեպի մասնակից հինգ անձ դիմել էր բուժօգնության։ Միջադեպից հետո քրեական գործ է հարուցվել, գյուղի բնակիչներից երկուսը ձերբակալվել է։ Նրանց թվում է գյուղապետի թոռը՝ Նարեկ Մելքոնյանը։

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ Զարթոնքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` «խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ»: Խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս