ՄԻՊ-ը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Արցախից բռնահանվածների իրավունքների պաշտպանության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

ff

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից․

«Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Պաշտպանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում:

Հանդիպման շրջանակում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերին, որոնք նպաստում են ժողովրդավարության և իրավական միջավայրի զարգացմանը։

Դեսպան Քրիստինա Քվինն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ քննարկման համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ