Հայաստան ու Իրանը քննարկում են մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ հետագա քայլերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

ֆֆ

2024 թ. մարտի 4-8-ը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի գործադիր խորհրդի 3-րդ հանդիպումը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը Հայաստանից մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության ու զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը։

Հայաստանը Թեհրանի կենտրոնին անդամակցում է 2015 թվականից, որի ընթացքում պարբերաբար մասնակցում է կենտրոնի կողմից իրականացվող ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրերին, ցուցահանդեսներին, լուսանկարչական մրցույթներին և կարողությունների զարգացման դասընթացներին։ Մասնավորապես՝ կենտրոնի հետ համագործակցությամբ Հայաստանում երկու անգամ՝ 2017 և 2019 թվականներին, դասընթացներ են կազմակերպվել «Կոնվենցիայի ցանկերում գրանցելու նպատակով հատերի պատրաստում» և «Համայնքահեն գույքագրում» թեմաներով, ինչպես նաև խորհրդատվություն է ապահովվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվող ««ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» վերնագրով» ՀՀ հայտի համար։

Կենտրոնի կառավարման խորհրդի՝ 2023 թ. հունիսի 26-27-ը Թեհրանում տեղի ունեցած նիստին Հայաստանը, որպես կենտրոնի անդամ պետություն, ընտրվել է կենտրոնի գործադիր խորհրդի անդամ, որի շրջանակում էլ պարբերաբար մասնակցում է խորհրդի աշխատանքային հանդիպումներին։

Թեհրանի կենտրոնի գործադիր խորհրդի 3-րդ հանդիպման ընթացքում նախանշվել են այլ անդամ պետությունների հետ համատեղ մշակութային ծրագրերի իրականացման հնարավորություններ, մասնավորապես՝ «Կլիմայի փոփոխության նկատմամբ դիմադրողականության կառուցում՝ ոչ նյութական մշակութային ժառանգության միջոցով» և «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն երեխաների շրջանում» ծրագրերի ուղղությամբ։

--00—ՍՊ