Մարդկանց այս հոսքը մեզ ուրախացնում է, բոլորին սպասում ենք. ՌԴ դեսպանության խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ՌԴ նախագահական ընտրություններին քվեարկել ցանկացողների մասնակցությունն ավելացել է, դեսպանատունը կոնկրետ թվեր կհայտնի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ՌԴ դեսպանատան մամուլի խոսնակ Դմիտրի Ռիկովը։

«Շուտով դեսպանատունը կտեղեկացնի ընտրողների մոտավոր մասնակցության մասին թվերը մինչև ժամը 14:00-ն, ունենք ակտիվության աճ: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ են ապրում Հայաստանում, և այն, որ այս նշանակալից օրը նրանք որոշել են արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը, չի կարող մեզ չուրախացնել»,- ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ դեսպանատունն արել է ամեն ինչ, որպեսզի նախագահական ընտրություններում բոլորը կարողանան քվեարկել։

Նշենք, որ այս պահին ՌԴ հազարից ավելի քաղաքացիներ դեռ սպասում են քվեարկելու իրենց հերթին։ Նրանց շարքերը ձգվում են դեսպանատան շենքից մինչև Երևանի քաղաքապետարան, և տեղի ոստիկանությունը հոգ է տանում, որ գործընթացը ընթանա առանց ավելորդ միջադեպերի։

--00—ՅՄ