Օսական կողմը դիտարկում է Ռուսաստանին միանալու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

ff

 

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցը քննարկվում է Մոսկվայի հետ սերտ համակարգմամբ՝ «հաշվի առնելով երկկողմ հարաբերություններն ու պայմանավորվածությունները»:

Վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցը գրում է, որ Հարավային Օսիայի դե ֆակտո Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալան Ալբորովն այսպես է պատասխանել թեմայով հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին հարցին: Նրա խոսքով, Մոսկվան և Ցխինվալին «համակարգված արտաքին քաղաքականություն են վարում»։

«Երբ Ռուսաստանի հետ միասին գանք այս գաղափարին, մենք կանենք դա»,- ասել է Ալբորովը:

Ի դեպ, 2023 թվականին Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևը նույնպես հույս էր հայտնել, որ «Հարավային Օսիայի Հանրապետությունը շուտով կմիանա Ռուսաստանին»։ 2023 թվականի դեկտեմբերին կայացած մամուլի ասուլիսում Գագլոևն ասել էր, որ այդ թեման դեռ օրակարգում է Ռուսաստանի իշխանությունների հետ հարաբերություններում, սակայն նա հավելել էր, որ «ժողովրդին խաբելու կարիք չկա, քանի որ ներկայումս խնդրի լուծման հնարավորություն չկա»:

2022 թվականի մայիսին Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Հարավային Օսիայում անցկացված հանրաքվեի մասին, ասել էր, որ Մոսկվան չի նախատեսում որևէ քայլ ձեռնարկել «Հանրապետության բռնակցման համար»։ Սակայն ավելի ուշ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարն ասել էր, որ «եթե Հարավային Օսիան իրենց կոնկրետ առաջարկներ ուղարկի, դրանք կդիտարկվեն»։

Հիշեցնենք՝ 2008 թվականի ամռանը Հարավային Օսիայի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ:

Վրաստանը պնդում է, որ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել Հարավային Օսիա, ուստի վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել «քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով»:

Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ հինգ օրերին օսական կողմն ունեցել է 365 մարդկային կորուստ, վրացական կողմը՝ 412: Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչներ լքել են իրենց տներն ու համալրել փախստականների և բռնի տեղահանվածների շարքերը։

Աղբյուրը՝ Aliq.ge

--00—ՍՊ