Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

թա

Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ի։ Գիշերը 50 հետցնցում է գրանցվել, որոնք նույնիսկ զգացվել են մայրաքաղաք Թայբեյում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման շտաբի տվյալների՝ վիրավորվել է 1106 բնակիչ։

Հարյուրավոր մարդիկ օգնության են սպասում դժվարամատչելի շրջաններում։ Շուրջ 400 մարդ արգելափակված է Տարոկո ազգային պարկի հյուրանոցներից մեկում, որտեղից ուղղաթիռներով դուրս են բերում վիրավորներին և սննդամթերք են հասցնում։

18 մարդ նախկինի պես անհետ կորած է:

Թայվանի արևելյան Հուալյան շրջանում 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 3-ին։ Վերջին անգամ Թայվանում նման հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել 1999 թվականին։ 7,6 մագնիտուդով ցնցումների հետևանքով շուրջ 2400 մարդ էր զոհվել, 50 000 շենք ավերվել էր կամ վնասվել։

--00—ԼՀ