Իշխանությունը երկիրը գիտակցաբար տանում է դեպի նոր մղձավանջ. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Իշխանության նպատակը՝ Ադրբեջանին հանձնել հայտնի գյուղերը, ամենատարբեր դիտանկյուններից քննարկվեց և գնահատականներ հնչեցին: Սակայն կարևոր դրվագներից մեկը, թե ով և ինչու որոշեց, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից և, մասնավորապես, Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերից, մնում է բաց: Այս մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ասում են՝ այսպես կոչված, որովհետև այն ինչի մասին հայտարարվել է՝ սահմանազատման ու սահմանագծման, սահմանների ճշգրտման հետ որևէ առնչություն չունի, որովհետև դրա հիմքում ընկած իրավական-փաստաթղթային բազայի և քարտեզների հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնություն չկա:

Եթե չկա համաձայնություն, ապա այստեղ սահմանների ճշգրտում ձևակերպման տակ փորձ է կատարվում բավարարել Ադրբեջանի պահանջները և հերթական միակողմանի զիջումների գնալ:

Հանրության ճնշող մեծամասնությունն այս գործընթացը դիտարկում է որպես միակողմանի զիջում, հանձնում, որովհետև նախ իշխանության հռչակած սկզբունքների տրամաբանությունը չի տեսնում, երկրորդ, իշխանությունը նախորդ տարիներին, նմանատիպ իրավիճակներում, արդեն հասցրել է այս սկզբունքով այլ տարածքներ զիջել, կամ մարսել Ադրբեջանի կողմից բռնազավթածները և երրորդ, իշխանության նկատմամբ վստահության դիֆիցիտի պայմաններում, բնականաբար իշխանության քայլերի նկատմամբ հավատ գոյություն չունի:

Բայց վերադառնանք հիմնական հարցադրմանը՝ ինչու որոշվեց սահմանների ճշգրտումը սկսել հենց Ոսկեպար, Բաղանիս ու Կիրանց գյուղերից:

Այն, թե ինչու է Ադրբեջանն ամեն ինչ անում, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը սկսի վերոնշյալ 8 գյուղերից, միանշանակ պարզ է, որովհետև դրանց Ադրբեջանի վերահսկողութան տակ անցնելը չափազանց մեծ հարված է լինելու Հայաստանի կենսունակությանը, իսկ սա իր ծանր հետևանքներն է ունենալու ՀՀ և անվտանգությանը, և բանակցային դիրքերին, և ենթակառուցվածքներին, և թե սոցիալ-տնտեսական վիճակին:

Այս ամենը հաշվի առնելով Ադրբեջանում հաշվարկել են, որ այդ գյուղերի հանձնումից հետո Հայաստանն այնպիսի բարդություններ և անլուծելի խնդիրներ կունենա, որ ստիպված կլինի մնացած մյուս հարցերում բավարարել ադրբեջանական պահանջները: Սա բերելու է ոչ միայն Ադրբեջանի ռեգիոնալ դերակատարման բարձրացմանը, այլ նաև Հայաստանի խոցելիության ճեղքվածքի:

Իսկ ինչու է Հայաստանի իշխանությունը գնում այս ճանապարհով: Ինչու, օրինակ՝ սահմանների ճշգրտումը չի սկսում Կութականից, Սոթքից, Վերին Շորժայից, Ջերմուկից, Տեղից կամ Ներքին Հանդից, որովհետև 2021-23 թվականների ընթացում Ադրբեջանը փուլերով ագրեսիայի դիմել և ՀՀ ինքնիշխան մի շարք տարածքներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Հեռու եմ այն մտքից, որ իշխանությունը չի գիտակցում իր քայլերի քաղաքական, իրավական կամ անվտանգային հետևանքները և այն, որ դրանք որևէ ձևով չեն շոշափում հայկական շահն ու իրենց տեսակով հակապետական գործողություն են:

Իշխանությունն ինքն իրեն դրել է մի խաղի մեջ, որտեղ իսկզբանե պարտված է և նույնիսկ այս ամենը գիտակցելով երկիրը տանում է նոր մղձավանջի ճանապարհով` սեփական ժողովրդին վերածելով թշնամության թիրախի»:

--00—ԼՀ