ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Հայերն Աթենքում բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանատան առջեւ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով, տեղեկացնում է Greek City Times-ը։ Քայլերթը մեկնարկել է Սինտագմայի հրապարակից եւ ավարտվել Թուրքիայի դեսպանատան մոտ, որտեղ ցույցի մասնակիցները ներկայացրել են պահանջագիր՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ ժողովրդին ապօրինաբար զավթված իր պատմական տարածքը վերադարձնելու կոչով։
«ՍԻՐԻԶԱ» երիտասարդական կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաեւ «Նոր դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Պավլոս Կրիստիդիսը սատարել են ցույցի մասնակիցներին։ Չորեքշաբթի Սալոնիկի Հայկական ուղղափառ եկեղեցում տեղի է ունեցել հիշատակի կարգ՝ վարդապետ Ստեփանոս Փասայանի ղեկավարությամբ։ Սալոնիկի տարածաշրջանի փոխնահանգապետ Պարասկեւի Պատուլիդուն նույնպես հանդես է եկել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առիթով եւ ընդգծել պատմական իրադարձությունների խորհրդանշական կարեւորությունը։